
Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար երկու կողմն էլ ստիպված կլինի զիջումների գնալ. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելու համար երկու կողմերն էլ ստիպված կլինեն զիջումների գնալ, գրում է CBS News-ը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ձգտում է հասնել համաձայնության, որը թույլ կտա ավարտել պատերազմը, վերականգնել Ուկրաինան և ապահովել, որ նման զարգացումներ այլևս չկրկնվեն։
Ռուբիոն, որը մասնակցել էր Ալյասկայում տեղի ունեցած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին, նշել է, որ քննարկվել են հնարավոր առաջընթացի մի շարք ուղղություններ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բավարար հիմքեր ստեղծել, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել Պուտին-Զելենսկի ուղիղ հանդիպում և հասնել վերջնական խաղաղության համաձայնագրի։
Պետքարտուղարը շեշտել է, որ կողմերից ոչ մեկը կապիտուլյացիայի պատրաստ չէ։ «Եթե մի կողմը ստանում է իր ուզած ամեն ինչ, դա կոչվում է կապիտուլյացիա։ Իսկ մենք դրան մոտ էլ չենք», – ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ կարևոր քննարկումների թեմաներից են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, տարածքային սահմանների հարցը և երկրի վերակառուցումը։