Ռուս խաղաղապահները տեղաշարժեցին ակցիա անող արցախցի ցուցարարների մեքենան և բացեցին ճանապարհը
Արցախցիների մի խումբ փակել էր ռուս խաղաղապահների ճանապարհը՝ նշելով,
որ այն փակ են պահելու այնքան, մինչև վերջիններս կատարեն իրենց պարտականություններն
ու բացեն Լաչինի միջանցքը։
Ռուս խաղաղապահները, սակայն, ձեռքերով տեղաշարժեցին արցախցի ցուցարարների
մեքենան, որով փակվել էր ճանապարհը և անցան։
Չնայած այդ հանգամանքին՝ արցախցիներն անմիջապես նորից փակեցին այն՝
տեղեկացնելով, որ ավելի ուշ փակելու են նաև այլ ճանապարհներ։
Հիշեցնենք, որ երեկ Արցախում սովամահության առաջին դեպքն
է գրանցվել, որից հետո «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը հայտարարել
էր, որ փակելու են ռուս խաղաղապահների ճանապարհը այնքան, մինչև վերջիններս կատարեն
2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով ամրագրված իրենց պարտականությունները։