19 Օգս
2025
37.3° c ԵՐԵՎԱՆ
29.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալյասկայի հանդիպումից հետո Թրամփն ու թիմակիցները շատ ավելի խորը մոտեցում են ցուցաբերել ուկրաինական ճգնաժամի լուծմանը․ Լավրով

Ալյասկայի հանդիպումից հետո Թրամփն ու թիմակիցները շատ ավելի խորը մոտեցում են ցուցաբերել ուկրաինական ճգնաժամի լուծմանը․ Լավրով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը շատ ավելի խորը մոտեցում են ցուցաբերել ուկրաինական կարգավորմանն Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Россия-24 հեռուստաալիքի հետ զրույցում։ «Նախագահ Թրամփը և նրա թիմը՝ հատկապես Ալյասկայում հանդիպումից հետո, շատ ավելի խորը մոտեցում են ցուցաբերել այս ճգնաժամի լուծմանը՝ գիտակցելով, որ անհրաժեշտ է վերացնել արմատական պատճառները, որոնց մասին մենք՝ նախագահ Պուտինը, անընդհատ խոսել ենք», – նշել է նա։

Նախարարի խոսքով՝ այդ արմատական պատճառներից մեկը հենց Ռուսաստանի անվտանգության խնդիրն է։
«Դա կապված է այն փաստի հետ, որ ՆԱՏՕ-ի Արևելքում ընդլայնումը կանխելու համար մեզ տրված պարտավորությունները տասնամյակներ շարունակ կոպտորեն խախտվել են։ Նախագահը մի քանի անգամ նշել է, որ այս խոստումներից հետո ՆԱՏՕ-ի ընդլայնման հինգ ալիք է եղել», – հավելել է նախարարը։

Լավրովը նաև հավելել է, որ Ալյասկայի գագաթնաժողովում լավ մթնոլորտ էր և դա արտացոլվում է նախագահներ Պուտինի և Թրամփի բանակցություններից հետո արված հայտարարություններում։ «Դա անկասկած օգտակար զրույց էր։ Ակնհայտ էր, որ Միացյալ Նահանգների ղեկավարը և նրա թիմն անկեղծորեն ցանկանում են հասնել այնպիսի արդյունքի, որը կլինի երկարաժամկետ, կայուն, հուսալի», – նշել է արտգործնախարարը։

Օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այն տևել է մոտ երեք ժամ։

Ռազմագերիներ