
Մեծ Բրիտանիան միշտ հավատացել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է միայն երկխոսության և փոխադարձ հարգանքի միջոցով
Մեծ Բրիտանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում գրանցված նշանակալի առաջընթացը և սա համարում է տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն․ ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ֆերգուս Օլդը։
«Մենք պատրաստ ենք աջակցել երկու երկրներին ցանկացած համաձայնագրի իրականացման գործում, մասնավորապես այն ոլորտներում, որտեղ Մեծ Բրիտանիան ապացուցված փորձ ունի։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելը շրջադարձային կետ կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Մեծ Բրիտանիան միշտ հավատացել է, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն երկխոսության, փոխադարձ հարգանքի և հարևանների միջև գործնական համագործակցության միջոցով։
Մենք կարող ենք առաջարկել ապացուցված լուծումներ՝ սահմանազատման հարցում տեխնիկական օգնություն, համաշխարհային մակարդակի ականազերծման հնարավորություններ, որոնք կպահպանեն համայնքների անվտանգությունը և կդարձնեն հողը բերրի, և տնտեսական կապի նախագծերի աջակցություն», – նշել է դիվանագետը։