
Տիեզերք է ուղևորվել 1500 ճանճ և 75 մուկ․ Ռուսաստանի տիեզերակայանից հրթիռ է արձակվել
Ռուսաստանի «Բայկոնուր» տիեզերակայանից արձակվել է «Սոյուզ-2.1բ» հրթիռը՝ «Բիոն-Մ» №2 կենսաբանական արբանյակով, որի հետ տիեզերք են ուղարկվել 75 մուկ և մոտ 1500 դրոզոֆիլ ճանճ. գրում է РИА Новости-ին:
Գործընթացը տևել է 9 րոպե 23 վայրկյան։
«Բիոն-Մ» №2-ը կտեղափոխվի բարձր լայնությունների ուղեծիր՝ 370–380 կիլոմետր բարձրությամբ, որտեղ կա ավելի ուժեղ տիեզերական ճառագայթում և այլ գեոմագնիսական պայմաններ՝ համեմատած ավանդական 50–60 աստիճան թեքությամբ ուղեծիրների հետ։ Գիտնականները ցանկանում են ստուգել այդպիսի ուղեծրի կենսաբանական անվտանգությունը։ Նախատեսված է, որ թռիչքը կտևի 30 օր:
Արբանյակը բաղկացած է հերմետիկ վերադարձող սարքից՝ ներսում և դրսում տեղակայված գիտական սարքավորումներով, նաև գործիքային ու ագրեգատային բաժիններից, բաժանման միջոցների հարթակից և արևային մարտկոցներից։
Հիշեցնենք, որ 1973–1996 թվականներին տիեզերք է արձակվել 11 «Բիոն» արբանյակ, որոնց վրա փորձարկվել են կապիկներ, առնետներ, գեկկոններ, գուպի ձկներ, միջատներ և միաբջիջ օրգանիզմներ։ 2013 թվականին մեկնարկել էր արդիականացված «Բիոն-Մ»-ի թռիչքը, որի ժամանակ տիեզերք էին ուղարկվել մկներ, ավազամկներ, գեկկոններ, խխունջներ, խեցգետնակերպեր, ձկներ և տարբեր միկրոօրգանիզմներ։ Դա շարքի առաջին արբանյակն էր, որի թռիչքը նույնպես տևեց 30 օր։