Սա խաղաղության բանակցություն չէ, այլ Ադրբեջանի ուլտիմատումների կատարում․ Հայկ Մամիջանյան
Եկեք տերմինաբանությունը ճիշտ ֆիքսենք, սա խաղաղության բանակցություն
չէ, իշխանության ներքաղաքական խնդիրների ապահովման համար ստեղծած թեզն է, թե
այս բանակցության այլընտրանքը պատերազմն է․ ABC Media-ի հետ զրույցում ասաց ՀՀ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն, անդրադառնալով ՀՀ հատուկ
հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի
և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը սպասվում
է սեպտեմբերին։
Նրա խոսքով՝ իշխանությունը մի շարք նմանօրինակ մանիպուլատիվ ստեր
է տարածում։
«Առաջինը, որը շատ կարևոր եմ համարում, եկեք ֆիքսենք, որ այս բանակցությունները
խաղաղության բանակցություններ չեն, սրանք Ադրբեջանի փաստացի բոլոր ուլտիմատումների
կատարման գործընթաց է։ Մի քանի ամիս առաջ ես ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ այս պահին
բանակցային գործընթացում մի իրավիճակ է, երբ քննարկվում է, որ Արցախի մեր քույրերի
և եղբայրների ազատության և իրավունքների պաշտպանության երաշխիքը լինի Ադրբեջանի սահմանադրությունը։
Վերջերս դրա մի շարք ապացույցները եղան թե՛ թուրքական կողմից, թե՛ ադրբեջանական կողմից։
Ուստի եկեք իրերն իրենց անուններով կոչենք․ սա խաղաղության բանակցություն չէ, այլ Ադրբեջանի
ուլտիմատումների կատարում»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորի խոսքով՝ սեպտեմբերի հանդիպումներից պետք չէ որևէ լավ
բան ակնկալել, որովհետև քանի դեռ այս իշխանությունն է բանակցում ՀՀ անունից, սեղանին
բացակայում է ցանկացած տեսակի և տրամաբանության հայկական օրակարգ։
«Բանակցությունների օրակարգը թելադրում է բացառապես Ադրբեջանը։
Թե՛ աշխարհի, թե՛ մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները
չեն կարող կանգ առնել այս կամ այն որոշմամբ»,- ասաց Մամիջանյանը։
Նա նշեց՝ արագացված գործընթացները Հայաստանին ոչ մի տեղ չեն տանի։