
ԱՄՆ դրոշն այրելու համար պատիժ կսահմանվի․ NewsNation
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ստորագրել գործադիր հրամանագիր, որը հնարավորություն կտա որոշակի դեպքերում հետապնդում սկսել ամերիկյան դրոշն այրելու համար․ հաղորդում է NewsNation-ը՝ հղում անելով նախագահական վարչակազմի աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործադիր հրամանագիրը կարող է ստորագրվել օգոստոսի 21-ին։ Այն դրոշի այրման գործողությունն ինքնին չի դարձնի անօրինական։ Նախագահական վարչակազմի տվյալներով՝ հրամանագիրը թույլ կտա հետապնդում իրականացնել միայն այն դեպքում, եթե դրոշի այրումը հանգեցրել է որևէ բացասական հետևանքի, ինչպիսին է, օրինակ՝ մարդկանց վնասվածքները․ բացատրել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը։
Նման դեպքում մեղադրյալների գործողությունները կհամարվեն հասարակական կարգի խախտում, խուլիգանություն կամ շրջակա միջավայրի պաշտպանության օրենքների խախտում։
Այս գործադիր հրամանագրով Թրամփը կհրամայի Գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին վերանայել դրոշի այրման հին գործերը և որոշել, թե արդյոք հնարավոր է հետապնդել նման գործողություններ կատարած անձանց։
ԱՄՆ դրոշի այրումը որպես բողոքի ակտ չի համարվում անօրինական՝ 1989 թվականի Գերագույն դատարանի որոշմամբ։