
Ռուսաստանը հրթիռներով հարվածել է Ուկրաինայում ամերիկյան գործարանին
Հինգշաբթի լույս գիշեր ռուս զինվորականները հրթիռներով հարվածել են Ուկրաինայի Զաքարպատյան մարզին։ Թիրախը դարձել է Մուկաչևո քաղաքում գործող ամերիկյան տնային տեխնիկա արտադրող գործարանը. գրում է РБК-Украина-ն, վկայակոչելով պաշտոնյաներին Զաքարպատյան մարզպետին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին և Արտակարգ Իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:
Մարզպետի խոսքով, առավոտյան ժամը 04:40-ի սահմաններում երկու Կալիբր տեսակի հրթիռ հարվածել են գործարանին։ Հարձակման հետևանքով տուժել է 12 աշխատակից, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից երկուսը ծանր վիճակում են, մյուսները ստացել են միջին ծանրության վիրավորումներ։
ԱԻՆ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ վիրավորների թիվը նվազագույնը 15 է։ Գործարանի տարածքում բռնկվել է մոտ 7 հազար քառակուսի մետր մակերեսով հրդեհ։
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան նշել է, որ թիրախավորված օբյեկտը ամերիկյան էլեկտրոնիկայի մեծ արտադրող է։ Նա ընդգծել է, որ գործարանը ամբողջությամբ քաղաքացիական է և որևէ կապ չունի ռազմական ենթակառուցվածքի հետ։