Ստեփանակերտը Մոսկվայից ու աշխարհից պահանջում է զսպել Բաքվի հնարավոր սադրանքները
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել`
հերքելով ռազմական տեխնիկա տեղաշարժելու մասին ադրբեջանական կողմի պնդումները։
«Միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի
ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում
Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի
վատթարացման առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ գումարելու Հայաստանի Հանրապետության
պահանջից ընդամենը երկու օր անց: Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի
ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից
միջազգային կառույցների ուշադրությունը շեղելու փորձ»,-ասված է հայտարարության տեքստում:
Նշվում է, որ միջազգային հանրության կողմից գործուն քայլերի բացակայության
պայմաններում Ադրբեջանը շարունակում է խախտել եռակողմ հայտարարության դրույթները, միջազգային
նորմերն ու իրավական ակտերը՝ Լաչինի միջանցքի ապաարգելափակման վերաբերյալ։
Արցախի ԱԳՆ-ն միջազգային բոլոր դերակատարներից և, մասնավորապես,
ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում է անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու
Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները:
«Ստեղծված իրավիճակում հրամայական ենք համարում հնարավորինս հրատապ
ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի գումարումը՝ Լաչինի միջանցքի ամբողջական և անվերապահ ապարգելափակմանն
ուղղված անհրաժեշտ և արդյունավետ միջոցների իրականացման վերաբերյալ որոշում կայացնելու
նպատակով»,-ասված է հայտարարության մեջ: