25 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում Իսրայելի հարվածի հետևանքով քաղաքացիներ են սպավել

Գազայում Իսրայելի հարվածի հետևանքով քաղաքացիներ են սպավել

Իսրայելի ուժերը հարվածել են Գազայի Նասեր հիվանդանոցին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ չորս լրագրող. տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով պաղեստինյան առողջապահական աղբյուրներին։

Զոհվածների մեջ է նաև Reuters-ի պայմանագրային օպերատոր Հուսսամ ալ-Մասրին, որը զոհվել է առաջին հարվածից։ Երկրորդ հարվածի ժամանակ վիրավորվել է գործակալության պայմանագրային լուսանկարիչ Հատեմ Խալեդը։ Վկաների խոսքով՝ երկրորդ հարվածը տեղի է ունեցել այն պահին, երբ փրկարարներն ու լրագրողները շտապել էին առաջին պայթյունի վայր։ Հարվածի պահին Նասեր հիվանդանոցից իրականացվող Reuters-ի ուղիղ եթերը հանկարծակի դադարել է։

«Խորը ցնցված ենք՝ իմանալով մեր պայմանագրային աշխատակից Հուսսամ ալ-Մասրի մահվան և մեր մյուս աշխատակից Հատեմ Խալեդի վիրավորման մասին։ Մենք շտապ տեղեկատվություն ենք հավաքում և դիմել ենք Գազայի ու Իսրայելի իշխանություններին՝ ապահովելու Հատեմի անհապաղ բժշկական օգնությունը»,– նշված է Reuters-ի հայտարարությունում։

Պաղեստինյան առողջապահական աղբյուրների տվյալներով՝ զոհված լրագրողներն են նաև Մարիամ Աբու Դագգան (աշխատել է AP-ի և այլ լրատվամիջոցների հետ), Մոհամմեդ Սալաման (Al Jazeera-ի թղթակից) և Մոազ Աբու Տահանը։ Նույն հարվածների հետևանքով զոհվել է նաև մեկ փրկարար։

Պաղեստինյան լրագրողների միությունը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ դրանք որակելով «բաց պատերազմ ազատ մամուլի դեմ», որի նպատակն է «վախեցնել լրագրողներին և խոչընդոտել նրանց մասնագիտական պարտքի կատարմանը՝ Իսրայելի հանցագործությունները բացահայտելու հարցում»։

Ռազմագերիներ