
Կոստա Ռիկայում հայտնաբերվել է աշխարհում միակ վառ նարնջագույն շնաձուկը
Կոստա Ռիկայի Տորտուգերո ազգային պարկի մոտակայքում ձկնորսության ժամանակ հայտնաբերվել է զարմանահրաշ վառ նարնջագույն շնաձուկ․ գրում է BBC–ն։
Նշվում է, որ շնաձուկն իր տեսակի մեջ միակն է աշխարհում։
Դրա անսովոր գույնը պայմանավորված է քսանթիզմ կոչվող երևույթով (կենդանիների մոտ կարմիր պիգմենտացիայի բացակայություն և դրա փոխարինումը դեղին գունանյութով)։ Հետազոտողների խոսքով, այս երևույթը չափազանց հազվադեպ է հանդիպում շնաձկների մոտ։
Հայտնաբերված շնաձուկն էլ ավելի յուրահատուկ է, քանի որ այն սպիտակ աչքեր ունի, ինչը, հետազոտողների կարծիքով, կարող է նշանակել, որ նա ունի նաև ալբինիզմ, որը հանգեցնում է մելանին կոչվող գունանյութի քիչ արտադրության կամ արտադրության բացակայությանը, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել մաշկի, մազերի և աչքերի գույնի սպիտակեցմանը։