Արցախի Առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին․ նրանց կյանքը վտանգված է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչին՝ հեմոդիալիզ ստացող հիվանդներին տարհանելու խնդրանքով, այլապես դեղամիջոցների ավարտվելուց
մեկ շաբաթ հետո նրանք կմահանան։
«Պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական
պարագաների աճող սուր սղությամբ՝ ԱՀ առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր
խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված
բժշկական կենտրոններ, այլապես բժշկական պարագաների ավարտից շուրջ մեկ շաբաթ անց այդ
հիվանդները կմահանան:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում շարունակաբար ծրագրային հեմոդիալիզ էր ստանում
ընդհանուր 41 հիվանդ, որոնցից 19-ը վերջին օրերին տարհանվել է Հայաստանի Հանրապետություն
ԿԽՄԿ կողմից, ևս 10-ի տարհանումը տեղի կունենա վաղը:
Թեև բոլորին է առաջարկվել տարհանման հնարավորությունը, սակայն 41 հիվանդից 12-ը
հրաժարվել է մեկնել Արցախից»,- ասված է Արցախի ԱՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ համապատասխան դեղամիջոցները Արցախում շուրջ երկու շաբաթվա ընթացքում կվերջանան։