
ԵՄ երկրներն ԱՄՆ-ին տեղեկացրել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը սկսելու մտադրության մասին. Axios
Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ դիվանագիտական ծառայություններն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին տեղեկացրել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը սկսելու մտադրության մասին. հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին:
Ինչպես նշվել է, այս կերպ եվրոպական երկրներն ակնկալում են «մեծացնել տնտեսական ճնշումը» Թեհրանի վրա, ինչը «հավանաբար կհանգեցնի Իրանի կողմից պատասխան միջոցառումների»:
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ 3 երկրները կարող են օգոստոսի 28-ին սկսել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը, քանի որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվել են: Գործակալության տվյալներով՝ ԵՄ 3 երկրները պատրաստվում են մոտ ապագայում գրավոր տեղեկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իրենց որոշման մասին:
ԱՄՆ-ն և ԵՄ 3 երկրները նախկինում համաձայնել էին օգոստոսի վերջը սահմանել որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ: Թեհրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե վերականգնվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2015 թվականի համաձայնագրերով չեղարկված պատժամիջոցները։