
Ահաբեկություն ԱՄՆ դպրոցներից մեկում․ 2 երեխա զոհվել է, 17-ը վիրավորվել
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է երկու երեխա՝ 8 և 10 տարեկան, ևս 17 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից 14-ը երեխաներ են, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Բժիշկները տեղեկացրել են, որ բոլոր երեխաները կվերականգնվեն. գրում է Al Jazeera-ն:
Ոստիկանության տվյալներով՝ հրաձիգը զինված է եղել ինքնաձիգով, հրացանով և ատրճանակով, կրակել է եկեղեցու պատուհաններից ներս, որտեղ աշակերտները նստած են եղել։ Հարձակվողը մոտ 20 ամյա Ռոբին Վեսթմենն էր, որն էլ ինքնասպան է եղել։ Հետաքննության ընթացքում նրա հետ կապված հասցեներում հայտնաբերվել են նաև այլ զենքեր։
Դաշնային հետաքննությունների բյուրոն (FBI) միջադեպը ուսումնասիրում է որպես հնարավոր ահաբեկություն և ատելություն՝ ուղղված կաթոլիկների դեմ։
«Սա կանխամտածված բռնության ակտ էր անմեղ երեխաների նկատմամբ։ Եկեղեցում նստած երեխաների վրա կրակելը սարսափելի դաժանություն է», – հայտարարել է Մինեապոլիսի ոստիկանապետ Բրայան Օ’Հարան։
Հրաձգության հետևանքով զոհվածների ու վիրավորների ընտանիքներին ցավակցություն են հայտնել Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Լեո Պապ XIV-ը միջադեպը անվանել է «սարսափելի ողբերգություն» և հայտարարել, որ աղոթում է զոհերի համար։
Այս հարձակումն արդեն 146-րդն է ԱՄՆ-ում դպրոցական հաստատությունների դեմ՝ այս տարվա հունվարից ի վեր։