28 Օգս
2025
33° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մեռնող» մասնագիտություններ. փորձագետը ներկայացնում է՝ տարիներ անց ինչ մասնագետներ չեն լինելու ՀՀ–ում

«Մեռնող» մասնագիտություններ. փորձագետը ներկայացնում է՝ տարիներ անց ինչ մասնագետներ չեն լինելու ՀՀ–ում

Արդեն մի քանի տարի անընդմեջ Հայաստանում նոր ուսումնական տարին մեկնարկում է կիսադատարկ բուհերով։ Այս տարի ևս շուրջ 25 ֆակուլտետ առաջին կուրսեցի չի ունենա։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը ABC Media-ի հետ զրույցում ներկայացրել է ստեղծված իրավիճակի պատճառները։

«Սա կլիներ շատ արտառոց դեպք, եթե լիներ առաջին տարին։ Այս իրավիճակը շարունակվում է վերջին տարիներին. դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախարարությունը պլանավորում է և տեղեր է հատկացնում որոշ մասնագիտությունների համար՝ առանց որևէ հետազոտության։ Այսինքն՝ նրանք պատահական, օդից վերցնելով թվեր են դնում և, առանց հաշվի առնելու պահանջարկը, Հայաստանի տնտեսության պահանջարկը, մեր դիմողների կարիքները, մնացած բաները, ուղղակի թվեր են գրում։ Պարզ է, որ դիմորդները, եթե որոշակի գիտելիքներ ունեն, կընտրեն ավելի բարձր վարձատրվող աշխատանքի համար ֆակուլտետներ և մասնագիտություններ, և չեն գնա, օրինակ՝ Ագրարային համալսարան, որտեղ, եթե չեմ սխալվում, 10-ից ավելի մասնագիտություն ուղղակի թափուր են»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է Մխիթարյանը։

Երկրորդ պատճառն այն է, որ դիմորդների թիվը Հայաստանում անընդհատ պակասում է։

«Վերջին յոթ տարում մեկ քառորդով կրճատվել է Հայաստանում բարձրագույն կրթություն ստացողների թիվը։ Դա նշանակում է, որ Հայաստանում արտագաղթ կա հատկապես երիտասարդության շրջանում: Շատերը գերադասում են Հայաստանի բուհերից գնալ և սովորել արտասահմանյան բուհերում, կամ, եթե հնարավորություններ չունեն, նախընտրում  են Հայաստանում գործող, բայց միջպետական պայմանագրերով բուհեր, օրինակ՝ Ամերիկյան համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, Լոմոնոսովի համալսարանը և այլն»,-նկատել է փորձագետը։

 Մխիթարյանն ասել է, որ արդեն հասել ենք կարմիր գծին։ Հայաստանում կան մասնագիտություններ, որոնք չունեն մասնագետներ։

«Եթե մեկ-երկու տարի էլ որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ չլինեն, ապա կհայտնվեն մասնագիտություններ, որոնք կմեռնեն։ Ֆակուլտետներում, որտեղ չկան ուսանողներ, բայց կան դասախոսներ՝ հավերժ չեն։ Կա՛մ բուհից դուրս են գալիս, կա՛մ ոլորտից, կա՛մ նրանց կարիքն էլ չկա, եթե ուսանողներ չկան։ Նույնիսկ մարդիկ չեն լինի, որպեսզի գիտելիքներն ու փորձը փոխանցեն, նույնիսկ մեկ հոգի չի լինի, դա նշանակում է, որ Հայաստանում կան մասնագիտություններ, որոնք մեռնում են այս պահի դրությամբ, և ապագայում մենք տասնապատիկ, եթե չասեմ հարյուրապատիկ ավելի շատ ծախսեր պիտի անենք, գոնե մի քանի մասնագետ արտասահմանում պատրաստելու, հետո Հայաստան բերելու համար»,-ասել է նա։

Հիմնական դատարկ ֆակուլտետները Ագրարային, Պոլիտեխնիկական համալսարաններում են։

«Կան նաև մանկավարժական մասնագիտություններ, որոնք բնագիտական ուղղվածությունունեն։ Օրինակ՝ քիմիկոսի մասնագիտությունը Հայաստանում գրեթե մահանում է, մահամերձ վիճակում է, մինչդեռ անկախության հռչակագիրն ընդունելիս, 1990 թվականին Հայաստանը զարգացած արդյունաբերական երկիր էր և ուներ շատ բարձր արդյունաբերությամբ աշխատող քիմիական արդյունաբերություն, իսկ Երևանի պետական համալսարանի, պոլիտեխնիկական համալսարանի համապատասխան «քիմիա» մասնագիտություններում այնքան բարձր էր լինում, որ մարդիկ մի քանի տարի դիմում էին, որպեսզի ընդունվեին, հետո գնային աշխատելու համապատասխան գիտահետազոտական ինստիտուտներ, արտադրության մեջ և այլն։ Հիմա հասել ենք նրան, որ Երևանի Պետական համալսարանը քիմիայի ֆակուլտետի անունն է փոխում, որովհետև քիմիա մասնագիտությամբ, նույնիսկ տարեկան 10 հոգի չի հավաքվում, որպեսզի յոթ ու կես միավոր ստանա, ընդունվի քիմիա մասնագիտությամբ սովորելու։ Ֆակուլտետի անունը փոխել են, հիմա ֆարմացիա է կոչվում, այդ վիճակին ենք հասել»,-ասել է Մխիթարյանը։ Մխիթարյանը հիշեցնում է՝ 1990 թվականին Հայաստանում պետական բուհերում բարձրագույն կրթություն ստացողների թիվը հավասար էր Լիտվայի համալսարաններում սովորողների թվերին։ Լիտվիան Խորհրդային Միության մյուս հանրապետություններից էր և որի բնակչությունը Հայաստանից մի քիչ ավելի շատ էր։

«Հիմա՝ 35 տարի անց,  Հայաստանում այդ թիվը կրճատվել է երկու անգամ, Լիտվայում մնացել է նույնը, ընդ որում՝ այնտեղ էլ է բնակչությունը պակասել, ինչպես Հայաստանում: Սա նշանակում է, որ Հայաստանում իշխանությունը չի խրախուսում բարձրագույն կրթությունն ընդհանրապես և կրթությունն առհասարակ։ Էլ չխոսենք կրթության գաղափարախոսությունը աղավաղող  կրթության մասին, որովհետև սա ավելի շատ վնաս է հասցնում մեր կրթությանը: Դրա մասին խոսում են մարդիկ, որոնք կառավարության նիստում խոստովանում են, որ յոթ տարի մնացել են նույն դասարան։ Դե տեսեք, յոթ տարի նույն դասարան մնացողը, եթե խոսում է կրթության մասին, մարդկանց մոտ պարզ է, որ թերահավատություն կառաջանա կրթության նկատմամբ, և իմ կարծիքով սա արվում է գիտակցաբար, որպեսզի, կրթական ցենզը Հայաստանում այնքան իջնի, որ Հայաստանը կյանքում երբեք էլ չկարողանա դառնալ արդյունաբերական երկիր: Հայաստանը նախապատրաստում են որպես ծառայություններ մատուցող երկիր, որպես տրանզիտային ճանապարհ Ադրբեջանից Թուրքիա և հակառակը»,-ասել է նա։



Ռազմագերիներ