Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած 5 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում է
Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու
բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նրանցից 4-ի առողջական վիճակը
ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր:
1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ.
Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք:
Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է:
Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական
վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և
դուրս գրվել:
Հիշեցնենք, որ գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի
ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում։ Պատահարի հետևանքով զոհվել է 11 մարդ։