29 Օգս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վճարել, բայց տուգանվե՞լ. քաղաքապետարանը պարզաբանել է՝ ինչպես բողոքարկել

Վճարել, բայց տուգանվե՞լ. քաղաքապետարանը պարզաբանել է՝ ինչպես բողոքարկել

Տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանվելու որոշմանը քաղաքացիները քիչ թե շատ համակերպվել են, սակայն պարզվում է՝ քաղաքացին կարող է տուգանվել անգամ եթե վճարել է:  Մի քանի օր է՝ քաղաքացիները բողոքում են անհիմն տուգանքներից. քարտը մոտեցնում են վալիդատորին, լսում հաստատման ազդանշանը, դա, սակայն, բավարար  ապացույց չեն համարում քաղաքապետարանի՝ շրջայց իրականացնող աշխատակիցները:

«Նման դեպքերում տուգանված քաղաքացիները ներկայացրել են քաղվածք բանկից: Համոզվելով, որ  կատարվածը տեխնիկական խնդիր է, տուգանքը չեղարկել ենք»,- ABC media-ի հետ զրույցում պարզաբանել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: 

Վերջինիս խոսքով՝ քաղաքացիների տուգանքները չեղարկվելու են նույն սկզբունքով՝ համապատասխան թղթերի առկայության և ներկայացման դեպքում: 

Քաղաքապետարանի աշխատակիցները ներկայանում են պաշտոնական հագուստով, բայց առանց համապատասխան վկայականի: Նրանք քաղաքացիներին խնդրում են տրամադրել բանկային քարտը՝ նույնականացման նպատակով. սակայն հարց է առաջանում՝ քաղաքացին ինչպե՞ս կարող է համոզված լինել, որ իրեն մոտեցած անձը քաղաքապետարանի աշխատակից է:

«Շուտով ավտոբուսներում շրջայց իրականացնող աշխատակիցները կրելու են համազգեստ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համազգեստը կրկնօրինակելը հնարավոր է և որոշակի ժամանակահատված է պահանջվելու այս փուլին անցնելու համար, աշխատակիցները իրենց մոտ ունենալու են վկայական,  այսպիսով հավաստելով իրենց՝ քաղաքապետարանի ներկայացուցիչ լինելը»,- պարզաբանում է Կոստանյանը:

Շատ քաղաքացիներ երթևկում են հատուկ կարգ ունեցող բարեկամի կամ ծանոթի վճարային քարտով՝ նախապես քարտի համար վճարած գումարը քամուն չտալու նպատակով, ինչը քաղաքապետարանի մշակած դրույթներով խստիվ արգելվում է և ենթակա է տուգանքի: 

«Խնդրի վերաբերյալ առաջիկայում կքննարկվեն տարբերակներ՝ դրույթներում  փոփոխությունների վերաբերյալ, իսկ այս պահին քաղաքացիներին մնում է միայն ենթարկվել օրենքին»,- նշում է քաղաքապետի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ տրանսպորտային միջոցներից օգտվելիս չվճարելու դեպքում տուգանվելու վերաբերյալ օրենքը ուժի մեջ է մտել 2025 թ.-ի օգոստոսի 1-ից: Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերական շրջայց են իրականացնում ավտոբուսներում, վճարից խուսափած քաղաքացիներին տեղում նույնականացնում և տուգանում: 

Ռազմագերիներ