25 Նոյ
2024
11° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անվտանգության խորհուրդն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի, կարող է առաքելություն ուղարկել Արցախ․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Անվտանգության խորհուրդն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի, կարող է առաքելություն ուղարկել Արցախ․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ադրբեջանի կողմից կենսապահովման ուղու փակումը պայմաններ է ստեղծում
մարդածին հումանիտար աղետի համար ․ BBC-ի Newshour ռադիոծրագրին տված հարցազրույցում
ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«Այսօր ուղիղ ութ ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղում շրջափակված
հազարավոր ընտանիքներ տառապում են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդի,
վառելիքի և դեղորայքի սուր պակասից»,-ասել է Մարգարյանը:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, որ պետք
է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը
և համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ կանխելու զանգվածային վայրագությունները Լեռնային
Ղարաբաղում։

«Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին միջանկյալ միջոց
հրապարակեց, իսկ հուլիսին վերահաստատեց այն, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր
միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ
տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչը Ադրբեջանը մինչև օրս չի իրականացրել»,-ասել է նա։

Մարգարյանը նշել է, որ Ցեղասպանության հարցով բազմաթիվ հեղինակավոր
գիտնականներ և փորձագետներ գրել են՝ հայտարարություններ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության
նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հստակ մտադրությունների մասին։
«Անվտանգության խորհուրդն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի։ Ամենահարմարը կլինի
բանաձևը, որը լիազորում է Միավորված ազգերի կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման
գրասենյակին գնահատող առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և բնակչությանն անհրաժեշտ
մարդասիրական օգնություն հասցնել, ինչպես նաև կատարել միջազգային դատարանի իրավաբանորեն
պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը։ Արդեն երկու շաբաթ է, ինչ մարդասիրական
բեռներով ավտոշարասյունը արգելափակված է սահմանին։ Այս իրավիճակը կապված չէ Լեռնային
Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Մարդիկ տառապում են, սնունդ չկա, դեղորայքը չի հերիքում,
միջազգային հանրության միջամտության խիստ անհրաժեշտություն կա՝ զանգվածային վայրագությունները
հիմա կանխելու համար»,-ասել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը: