Տարօրինակ է Հայաստանի ժողովրդի լռությունն ու անտարբերությունը, երբ Արցախում մարդիկ սովամահ են լինում. Արամ Ա
Շրջափակման ենթարկված Արցախում մեր ազգի զավակները սովամահ լինելու
անմիջական վտանգի ենթակա են: Այս մասին երեկ
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առիթով իր ուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
Արամ Ա-ն։
«Արցախի հարցով ՀՀ որդեգրած մոտեցումները Արցախը կարող են ջնջել
հայ կյանքի քարտեզից և ցեղասպանության մատնել 120 հազար մեր քաղաքացիներին՝ միաժամանակ
վտանգելով արդեն Հայաստանի ապագան: Ինչպես կարելի է Ադրբեջանի հողային ամբողջականությունը
ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը
երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը: Ինչպես կարելի այսպես կոչված ամբողջական
խաղաղության հաստաստման համար պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման
մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը
և նույնիսկ գոյությունը»,- ասել է վեհափառը:
Նա նշել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանը պետք
է դուրս գա պարտված լինելու և սոսկ զիջումներ կատարելու կացությունից, պետք է առկախի
բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչև վերջ դրվի Արցախի շրջափակմանը։
Արամ Ա կաթողիկոսի համոզմամբ պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն
սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին:
Նրա խոսքով՝ պետք է մերժել որևէ մոտեցում, որն Արցախը Ադրբեջանի
տարածքային անբաժան մաս կճանաչի։
Որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս՝ Արամ Ա-ն առաջարկել է, որ իշխանության,
ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ
փորձառություն ունեցող մի մարմին ստեղծվի, որն այս ճակատագրական փուլում բանակցություններ
կվարի Ադրբեջանի հետ՝ նոր ոճով և մոտեցմամբ:
Դիմելով Հայաստանի ժողովրդին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ասել
է. «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում
Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր երեխաները սովամահ
են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ եք
սպասում, աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը
բարձր է աշխարհի բոլոր ձայներից: Ձեր ժամանակը մի վատնեք իրար մեղադրելով, ոտքի ելեք,
արդարություն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ
Արցախում ծայրահեղորոեն անբնական է կյանքը»,- ասել է նա։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի երրորդ պատգամն ուղղված էր միջազգային
հանրությանը:
Վեհափառը նաև ուղերձներ է հղել միջազգային հանրությանն ու Սփյուռքին։