
Անհատները չեն կարող եկեղեցին փոխել, քանի որ դա Հայաստանի իշխանության իրավասության սահմաններում չէ․ Իրաքի թեմի առաջնորդ
Իրաքի թեմի առաջնորդը, անդրադառնալով վերջին քննարկումներին Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ, ընդգծել է, որ իր սկզբունքները անսասան են, և որևէ անհատ չի կարող իրեն շեղել եկեղեցու դեմ շարժվելու ճանապարհին։
«Ես հայ եկեղեցու զավակն եմ և ամուր կանգնած եմ հայ եկեղեցու կողքին։ Անհատները չեն կարող եկեղեցին փոխել, քանի որ դա Հայաստանի իշխանությունների իրավասության սահմաններում չէ։ Եկեղեցին ունի իր կարգն ու կանոնը, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվում է բացառապես ազգային եկեղեցական ժողովի կողմից, ոչ թե վարչապետի որոշմամբ»,- նշել է Տ․ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը։
Նրա խոսքով՝ միայն ազգային եկեղեցական ժողովն ունի լիազորություն բարձրացնելու եկեղեցական հարցերը։ «Եթե դավանաբանական խախտումներ լինեն, դրանք կարող է քննարկել և լուծել միայն այդ ժողովը։ Իսկ եթե նման խախտումներ չկան, ապա մնացած քննարկումները պարզապես անիմաստ են»,- հավելել է թեմի առաջնորդը։