
Գայի պողոտայի ասֆալտապատումը կավարտվի հոկտեմբերին․ քաղաքապետարանի պարզաբանումը՝ Երևանի բանուկ հատվածներում շինաշխատանքների մասին
Երևանի մի շարք հիմնական փողոցներում այս օրերին ընթանում են ճանապարհների բարեկարգման և միջին նորոգման աշխատանքներ։ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Տիգրան Դարբինյանի խոսքով՝ այս աշխատանքները միտված են երթևեկության պայմանների բարելավմանը, թեև դրանք ժամանակավորապես խցանումների պատճառ են դառնում։
«Աշխատանքները սկսվել են Վաղարշյան փողոցից, որպեսզի մինչև սեպտեմբերի 1-ի ակտիվ երթևեկության մեկնարկը ավարտենք ամենաբանուկ հատվածը՝ Դավթաշենի կամրջից մինչև Կոմիտասի խաչմերուկ։ Այդ հատվածում աշխատանքները նախատեսված ժամկետում՝ սեպտեմբերի 1-ին, ավարտվել են»,- նշել է Տիգրան Դարբինյանը։
Նրա խոսքով՝ Վաղարշյան փողոցում աշխատանքները դեռ շարունակվում են․ Դավթաշենի կամրջից մինչև Կոմիտասի խաչմերուկ հատվածը արդեն ավարտված է։Կոմիտասի խաչմերուկից մինչև Ավետիսյան փողոց հատվածում միջին նորոգման աշխատանքները կավարտվեն մոտ սեպտեմբերի վերջ։
Ինչ վերաբերում է Գայի պողոտային, այստեղ միջին նորոգման աշխատանքները նոր են սկսվել։ Քանի որ դրանք բավականին բարդ են և կապված են նաև չնախատեսված խնդիրների հետ, հստակ ավարտի ժամկետ դեռևս չի սահմանվել։ Ըստ նախնական գնահատականների՝ աշխատանքները կավարտվեն հոկտեմբերին։
Հարցին, թե ինչու մայրաքաղաքի տարբեր հատվածներում գրեթե անընդհատ շինարարություն և նորոգման աշխատանքներ են իրականացվում, Տիգրան Դարբինյանը նշել է մի քանի պատճառ։
«Մեր ճանապարհների մեծ մասը կառուցված է հին տեխնոլոգիաներով և այլ ծանրաբեռնվածության հաշվարկով։ Այսօր մեքենաների հոսքն ու ծանրաբեռնվածությունը շատ ավելի մեծ է, ինչի հետևանքով ճանապարհները շուտ շարքից դուրս են գալիս։ Բացի այդ՝ քաղաքում ակտիվ շինարարության ընթացքում անցկացվում են ջրագծեր, գազատարներ, կոյուղի և էլեկտրամատակարարման նոր ցանցեր, որոնք հիմնականում տեղակայվում են ճանապարհների տակ։ Այս աշխատանքների ավարտից հետո շատ դեպքերում ասֆալտը նորից վերականգնվում է»,- նշել է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալը։
Դարբինյանի խոսքով՝ եթե մայրաքաղաքում ասֆալտապատում է արվում, դա միշտ չէ, որ իրականացվում է քաղաքապետարանի կողմից։ Հաճախ կոմունիկացիոն ցանցերը անցկացնող ընկերություններն են պարտավոր վերականգնել իրենց քանդած ճանապարհահատվածները։