
Սուդանում ամբողջական գյուղ է հողին հավասարվել. զոհվել է ավելի քան 1000 մարդ
Արևմտյան Սուդանի Մարա լեռների շրջանում սողանքի հետևանքով ամբողջական գյուղ է ոչնչացվել, զոհվել է առնվազն 1000 մարդ. տեղեկացնում է CNN-ը, հղում անելով «Սուդանի ազատագրական շարժում/բանակին»։ Ըստ հաղորդագրության՝ ողջ է մնացել միայն մեկ մարդ։
Սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին՝ երկարատև ուժգին տեղումների պատճառով։ Շարժման առաջնորդ Աբդելվահիդ Մոհամեդ Նուրի գլխավորությամբ կառույցը հայտնել է, որ գյուղը «ամբողջությամբ հողին է հավասարվել»։
Շարժումը, որը վերահսկում է տարածքը Դարֆուրում, դիմել է ՄԱԿ-ին և միջազգային մարդասիրական կազմակերպություններին՝ զոհերի մարմինների որոնման և օգնության համար։ Զոհերի թվում կան տղամարդիկ, կանայք ու երեխաներ։
Գյուղի բնակիչները Մարա լեռներ էին տեղափոխվել՝ փրկվելով Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև շարունակվող պատերազմի պատճառով։ Այդ վայրերում, սակայն, սնունդը և դեղորայքը բավարար չեն։
Արդեն երկու տարի տևող քաղաքացիական պատերազմը Սուդանում ավելի քան բնակչության կեսին սովի է մատնել, միլիոնավոր մարդկանց ստիպել լքել իրենց տները։ Հյուսիսային Դարֆուրի մայրաքաղաք Էլ Ֆաշիրը հիմա ռազմական գործողությունների կենտրոնում է։