
Մոսկվան ու Պեկինը պայմանավորվել են 30 տարով՝ տարեկան 50 մլրդ խմ գազի մատակարարման վերաբերյալ
«Գազպրոմ»-ը և չինական CNPC-ն ստորագրել են ռազմավարական նոր գործակցության հուշագիր, որը ներառում է «Սիբիրի ուժ-2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով անցնող տարանցիկ «Արևելյան միություն» գազատարի կառուցման պայմանավորվածությունները․ գրում է РБК-ն, հղում անելով ռուսական ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերին:
Նոր պայմանավորվածությունների համաձայն՝ մատակարարումները նախատեսվում է իրականացնել 30 տարվա ընթացքում՝ տարեկան մինչև 50 միլիարդ խորանարդ մետր ծավալով։
Կողմերը համաձայնեցրել են նաև գործող մատակարարումների ավելացում․ «Սիբիրի ուժ» գազատարով՝ 38 միլիարդից մինչև 44 միլիարդ խորանարդ մետր, իսկ «Արևելյան երթուղով»՝ 10 միլիարդից մինչև 12 միլիարդ խորանարդ մետր։
Միլլերի խոսքով՝ համաձայնագրի մասին հայտարարությունը արվել է Մոսկվայի, Պեկինի և Ուլան Բատորի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումից հետո։
«Սիբիրի ուժ-2»-ի նախագծումը սկսվել է դեռևս 2020 թվականին։ Գազատարի ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 6,7 հազար կմ, որից 2,7 հազարը կանցնի Ռուսաստանի տարածքով։ 2023 թվականի մայիսին ռուսական կառավարությունը հաստատել էր Չինաստան գազ մատակարարելու վերաբերյալ համաձայնագիրը։
Սակայն բանակցությունները ձգձգվում էին։ Ինչպես գրում էր Financial Times-ը անցյալ տարվա հունիսին, Պեկինի առաջարկած գնի շուրջ Մոսկվան բավարարված չէր։
Այս տարվա մայիսին Մոսկվա կատարած այցի ընթացքում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը քննարկել էր «Սիբիրի ուժ-2»-ի նախագիծը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու առաջնորդները հանձնարարել էին արագացնել նախագծի իրականացումը։ ՌԴ Վարչապետի տեղակալ Ալեքսանդր Նովակը նշել էր, որ արդեն կատարվել է տեխնիկատնտեսական հիմնավորման մի մասը և ընթանում են բանակցություններ տնտեսական պայմանների շուրջ։
Հունիսի վերջում The Wall Street Journal-ը, վկայակոչելով Չինաստանի կառավարությանն մոտ կանգնած աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պեկինի հետաքրքրությունը «Սիբիրի ուժ-2»-ի նկատմամբ աճել է Իրան-Իսրայել պատերազմի հետևանքով։ Չինաստանում մտահոգություններ են առաջացել Մերձավոր Արևելքից էներգակիրների մատակարարումների հուսալիության հարցում, ինչի պատճառով Պեկինը սկսել է դիտարկել այլընտրանքային տարբերակներ։