
Կառավարությունն աջակցում է Փաշինյանի ընկերոջ ներդրումային ծրագրին․ «Հետք»
Հուլիսի 31-ին Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է մի որոշում, որով հավանություն է տվել «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին եւ համաձայնել է, որ Արմավիր համայնքն առանց աճուրդի, ուղղակի վաճառքով ընկերությանն օտարի Մայիսյան գյուղում գտնվող երկու հողակտոր, իսկ մեկն էլ առանց մրցույթի տա երկարաժամկետ վարձակալության. գրում է ՀԵՏՔ-ը:
Թվում է, թե գործադիրի սովորական որոշումներից է, ինչպիսիք Կառավարությունը կայացնում է պարբերաբար, սակայն հարցն այն է, որ «Իջեւանյան բեկոն» ընկերության հիմնական փայատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերն է:
Ի՞նչ ծրագիր է իրականացվելու Մայիսյան գյուղում
«Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն պատրաստվում է Արմավիր խոշորացված համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարան հիմնել: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է շուրջ 2 մլրդ դրամ: Ընկերությունը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով խոզեր բուծել (հավանական տարբերակներն են լանդրաս, պետրեն եւ դյուրոկ ցեղատեսակները): Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում խոզաբուծարանը տարեկան պետք է արտադրի 2280 տոննա կենդանի քաշով խոզի միս: Նախատեսվում է բացել 49 նոր աշխատատեղ:
Ըստ ծրագրի նկարագրի՝ այս տարվա հունիսի 30-ի դրությամբ արդեն իսկ 863 մլն դրամի ներդրում է կատարվել, մասնավորապես՝ Մայիսյան գյուղում 2 հողակտոր է ձեռք բերվել, շինանյութ եւ խոզաբուծարանի սարքավորումներ են գնվել, շինաշխատանքներ են կատարվել, հորատանցք է հորատվել, թույլտվություններ են ստացվել, փորձաքննություններ են կատարվել: Այս հողամասերի վրա ընկերությունը նախատեսում է կատարել եւս 799 մլն դրամի ներդրում (կերի արտադրամասի սարքավորումների եւ բունկերների, մեքենաների, խոզաբուծարանի սարքավորումների, խոզերի մայրական կազմի ձեռքբերում, շինաշխատանքներ):
2023-ի հոկտեմբերին «Իջեւանյան բեկոնը» պայմանագիր է կնքել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն տրամադրելու փորձնական ծրագրի շրջանակներում:
Հիմա ՍՊԸ-ն պատրաստվում է եւս 3 հողակտոր ձեռք բերել, երկուսը՝ ուղղակի վաճառքով, մեկը՝ առանց մրցույթի վարձակալությամբ: Սրանց վրա նախատեսվում է կատարել 430 մլն դրամի ներդրում:
Հողային օրենսգիրքը սահմանում է այն պայմանները, որոնց պարագայում պետությունը կամ համայնքը կարող են ուղղակի վաճառքով հող օտարել ՀՀ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց: Դրանցից մեկը Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագիրն է: Այս հարցում, ինչպես տեսնում ենք, «Իջեւանյան բեկոնի» առաջ կանաչ լույս է վառվել: Ըստ նույն օրենսգրքի՝ եթե օտարվողը համայնքային հող է, ապա անհրաժեշտ է գործադիրի համաձայնությունը, ինչը նշված ՍՊԸ-ն եւս ստացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: