
Արթուր Վանեցյանը դատարանի որոշմամբ կստիպի Իոաննիսյանին, որ հրապարակային ներողություն խնդրի. Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի գրառմանը.
«Երբ փաստաթղթում «ազգությունը՝ հայ» նշված մեկը, որը ամբողջ կյանքում գործել է որպես ազդեցության գործակալ՝ սնվելով տարբեր սորոսական աղբյուրներից, չի տարբերում Եռաբլուրը Ծիծեռնակաբերդից, դա, գուցե, հասկանալի է։ Այդպիսի մեկը որտեղի՞ց պիտի ճանաչի մեր սրբավայրերը։
Բայց երբ նույն այդ մարդը հիմա իմ ազգի համար Սահմանադրության նախագիծ է գրում, սա արդեն ուղիղ ապացույցն է, որ նրա հեղինակած Սահմանադրությունը չի կարող լինել հանուն հայի։
Ես եղել եմ Արթուր Վանեցյանի հրամանատարությամբ «Հայրենիք» զորախմբում, որը զոհեր չի տվել բացառապես շնորհիվ լավ հրամանատարության և բարձր պատրաստվածության։ Ավելի պարզ ասած՝ մենք գործել ենք նիկոլիոաննիսյանի հրամանատարությունից առանձին։ Ցավոք, ունեցել ենք վիրավորներ․ մեր ընկեր Արթուրը դեռ շարունակում է բուժում ստանալ, իսկ մյուսներն արդեն ապաքինվել են։
Մեր զորախմբին վստահված բոլոր տարածքները, մեր պաշտպանության արդյունքում, մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը մնացել էին հայկական հսկողության ներքո։
Ինչ վերաբերում է հիշատակված քրեական վարույթին, ապա հենց այդ վարույթում ես ունեմ փաստացի մեղադրյալի կարգավիճակ։ Մինչ այս պահը, սակայն, ինձ հայտնի չեն որևէ տվյալներ այն մասին, որ ես այդ գործով սուբյեկտ չեմ։ Եթե իսկապես այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա անհրաժեշտ է, որ Քննչական կոմիտեն բացատրի՝ ինչպես է ստացվել, որ տվյալ անձին հասու է դարձել նախաքննական տվյալներ և դրանք հրապարակվել։
Մենք վաղուց արդեն համոզվել ենք, որ սույն անգրագետ սուբյեկտից անհնար է ակնկալել մինիմում տղամարդկություն, որը հնարավորություն կտար կանչել ու ասվածը հիմնավորող փաստեր ակնկալել։ Իհարկե նաև հասկանում ենք, որ այդպիսիք լինելու դեպքում այդ զառանցանքը գրելու փոխարեն կհրապարակեր այդպիսի գեթ կես ապացույց, բայց դրա լուծումն էլ կա․
Արթուր Վանեցյանը դատարանի որոշմամբ կստիպի դրան, որ հրապարակային ներողություն խնդրի»։
Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը, մասնավորապես, գրել էր. «Շուշիի տակից 2020 թվականի նոյեմբերին ամբողջ ջոկատով (առանց մարտի մեջ մտնելու, առանց զոհ կամ վիրավոր տալու) փախած նախկին գեներալը գնացել ու Ծիծռնակաբերդում Արցախի համար ինչ-որ ակցիա է արել։
Մարդ ա, ում դեզերտիրության համար դատվելուց փրկել է Քրեական օրենսգրքի այդ հոդվածի սուբեկտային կազմի մեջ չլինելը։ Այդ քրգործի նյութերը պետք է հրապարակել, որ հանրությունը տեսնի։
Միակ բանը, ինչն իր մոտ ստացվեց, դա պատիվ ունենալու գաղափարը ու արտահայտությունը պղծելն էր»։