
Ապակու բեկորներն ու մեքենայի մասերը թռան շուրջս. ի՞նչ է պատմում պայթյունի ականատեսը
Կանգառում էի, սպասում էի իմ ավտոբուսին և ծրագրով հետևում էի, երբ լսեցի պայթյունի ձայնը. ABC media-ի հետ զրույցում այսօր Ամիրյան-Մաշտոց փողոցում տեղի ունեցած վթարի մասին է պատմել ABN News-ի լրագրող Աննա Գրիգորյանը:
«Չհասկացա` ինչ տեղի ունեցավ, միայն զգացի, որ ապակու բեկորներն ու մեքենայի մասերը թռան շուրջս: Վախեցած հետ քաշվեցի, փնտրեցի անվտանգ տեղ, իսկ կողքից մարդիկ բղավում էին, որ կարող է երկրորդ պայթյուն լինել: Սարսափելի վախեցել էի, ձեռքս աննշան քերծվածք ունի, մազերիս մեջ մանր ապակիներ կային: Բայց լավ եմ, փառք Աստծո, ինքնուրույն տուն եմ եկել»,– պատմեց ABN News-ի լրագրող Աննա Գրիգորյանը:
Նրա խոսքով` շատ մարդիկ վախեցած փախչում էին դեպի անվտանգ տեղ, իսկ մի քանի տղամարդ արագ վազում էր օգնություն ցուցաբերելու համար՝ չնայած դեռ պարզ չէր` վտանգն անցե՞լ է, թե նոր պայթյուն կարող է լինել:
«Ըստ իս, ավտոմեքենան ընթացքի մեջ էր, երբ պայթել է, սակայն հեռախոսին էի նայում և իրականում չեմ տեսել մեքենան»,– պատմել է Աննան:
Նա մի քանի փոքր քերծվածք է ստացել, բայց տեղի խանութների աշխատակիցների օգնությամբ հասցվել է անվտանգ տարածք:
«Շտապօգնությունը և հրշեջ մեքենաները բավական շուտ հասան»,– ավելացրել է նա:
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Երևանի Ամիրյան փողոցում՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Վնասվել են հարակից մեքենաները և մեկ հասարակական տրանսպորտ՝ 58 համարը սպասարկող ավտոբուսը:
Առողջապահության նախարարության տեղեկություններով, պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մյուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ երրորդ քաղաքացին անցնում է հետազոտություններ և նրա վիճակը բավարար է: Առայժմ պայթյունի պատճառները պարզ չեն: