
Լիբանանում նռնակներ են ընկել խաղաղապահների մոտակայքում
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել են, որ իսրայելական անօդաչուները երեքշաբթի առավոտյան՝ Լիբանանի հարավային սահմանի մոտ, Իսրայելի սահմանային գոտում չորս նռնակ են գցել խաղաղապահների մոտակայքում. գրում է Al Jazeera-ն:
Դեպքը տեղի է ունեցել, երբ խաղաղապահները ճանապարհային արգելափակումներն էին հեռացնում, որոնք խոչընդոտում էին ՄԱԿ-ի դիրքին հասնելուն։
«Սա ամենալուրջ հարձակումներից մեկն է UNIFIL-ի անձնակազմի և տեխնիկայի վրա՝ անցած տարվա նոյեմբերի հրադադարի համաձայնությունից ի վեր», – նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Ըստ այդ հաղորդագրության, մեկ նռնակ ընկել է ՄԱԿ-ի անձնակազմից և մեքենաներից ընդամենը 20 մետր հեռավորության վրա, իսկ երեքը՝ մոտավորապես 100 մետրի տարածքում։
Իսրայելը խախտում է 2024 թվականի նոյեմբերին Հեզբոլլահի հետ ձեռք բերված հրադադարը՝ գրեթե ամենօրյա հարձակումներով։ Թել Ավիվը պնդում է, թե թիրախավորում է Հեզբոլլահի օբյեկտներն ու անդամներին, սակայն այդ գործողությունների հետևանքով մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվում, համայնքներ են տեղահանվում, ավերվում է ենթակառուցվածքն ու բնակելի շենքերը։