Արմեն Սմբատյանի ազատազրկումը ՀՀ միջազգային հեղինակության համար ռիսկեր է պարունակում․ Պուտինի հատուկ ներկայացուցիչ
Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության
գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի
խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին։
«Երևանի դատական իշխանության այս քայլը չի կարող չառաջացնել լուրջ
անհանգստություն, քանի որ միանգամայն ոչ իրավաչափ է»,-գրել է ռուս գործիչը։
Նա ընդգծել է, որ իրեն ու Արմեն Սմբատյանին ընկերական ու մասնագիտական
բազմամյա հարաբերություններն են կապում։
«Անվիճելի է նրա մեծ ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջպետական
հարաբերություններում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։
Նրա փայլուն կազմակերպչական որակները և ռազմավարական տեսլականի ունակություններն ԱՊՀ
անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մարդասիրական
նախաձեռնություններին հաղորդում էին այնպիսի մասշտաբ, որ ԱՊՀ բոլոր երկրներում դրանք
դառնում էին հիշարժան իրադարձություն։
Հասկանալի է, որ օրենքի առջև բոլորն են հավասար։ Եվ հատկապես այդ
պատճառով չեմ կասկածում, որ դատական գործընթացը լույս կսփռի այս գործի բոլոր չպարզաբանված
ասպեկտների վրա, ինչի արդյունքում Արմեն Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու
իր բարի անունն ու հեղինակությունը։ Միաժամանակ չափազանցված չի լինի ասել, որ հաշվի
առնելով Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման գործում նրա հասարակական գործունեությունը՝
մինչ դատաքննության ավարտն Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար
լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից»,-գրել է Շվիդկոյը։
Նա խնդրել է իր նամակը դիտարկել որպես Արմեն Սմբատյանի խափանման
միջոցը փոխելու մասին միջնորդություն։