
Պայթյունից վնասվել են հասարակական տրասնպորտի կողային ապակիներն ու դիմապակին․ «Երևան ավտուբուս» ՓԲԸ-ից մանրամասներ են հայտնել
Սեպտեմբերի 2-ին Ամիրյան փողոցում պայթյունի հետևանքով վնասվել է 58 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի ձախ կողմի կողային ապակիները և դիմապակին, իսկ վնասի չափը դեռ գնահատման փուլում է․ ABC media-ի հետ զրույցում ասել է Երևանի ավտոբուս ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։
«Մենք զրուցել ենք մեր տեխնիկական բաժնի հետ։ Նման դեպքերում վնասը գնահատում է մեր սպասարկման ընկերությունը։ Այս պահին հստակ գումար չեմ կարող նշել, քանի որ մասնագիտական հաշվարկները դեռ պատրաստ չեն։ Սակայն ավտոբուսը արդեն տեղափոխվել է հավաքակայան, և վերանորոգման գործընթացը սահմանված կարգով կկատարվի»,- ասել է Ասատրյանը։
Ավտոբուսի վարորդը միջադեպի պահին եղել է տեղում և, ըստ Ասատրյանի, որևէ լուրջ վնասվածք չի ստացել։
«Վարորդը մինչև վերջ եղել է մեր ծառայության աշխատակիցների հետ, ինքը մեքենան անձամբ է տեղափոխել հավաքակայան։ Ընդհանուր վիճակը նորմալ է, պարզապես բնական է, որ փոքր-ինչ վախեցած էր»,- նշել է նա։
Գեղամ Ասատրյանի խոսքով՝ հստակ ժամկետներ դեռ չեն կարող նշել, բայց ընկերությունը շահագրգռված է, որ ավտոբուսը որքան հնարավոր է շուտ վերադառնա գիծ։
«Ամենաշահագրգռվածը մենք ենք, որ վերանորոգումն արագ լինի։ Բայց նույնիսկ այս պահին գծում ավտոբուսների պակաս չի լինի․ երթուղու սպասարկումը լիարժեք կշարունակվի»,- ընդգծել է նա։
Մամուլի քարտուղարը նաև արձագանքել է հանրային տրանսպորտի մասնակցությամբ վթարների վիճակագրությանը։ Ըստ նրա՝ երբ ներկայացվում են թվերը, պետք է հաշվի առնել, որ դրանց մեջ ներառվում են նաև ամենափոքր դեպքերը։
«Օրինակ՝ երեկվա միջադեպը նույնպես ընդգրկվելու է վիճակագրության մեջ, չնայած մեր ավտոբուսը փաստացի անմեղ է եղել։ Տվյալների մեջ ներառվում են նույնիսկ այն դեպքերը, երբ մեր մեքենային պարզապես քերծվածք է պատճառվել կամ ավտոբուսը գտնվել է տարածքում։ Այսինքն՝ թվերը միշտ չէ, որ արտացոլում են լուրջ վթարների քանակը»,- նշել է Ասատրյանը։
Նա հավելել է, որ հանրային տրանսպորտի տեխնիկական սպասարկման վերաբերյալ պաշտոնական և ճշգրիտ տվյալները պետք է ստանալ Երևանի ավտոբուս ՓԲԸ տնօրենի ամենշաբաթյա զեկույցներից։