
Կտեսնեք, թե ինչ կլինի. Թրամփը զգուշացրել է Պուտինին Ուկրաինայի հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքի տոնով է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին Ուկրաինայի հարցում, նախազգուշացնելով հնարավոր հետևանքների մասին. գրում է Al Jazeera-ն:
Չորեքշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ ծրագրում է մի քանի օրում խոսել Պուտինի հետ, բայց ռուս առաջնորդը լավ տեղեկացված է իր վարչակազմի դիրքորոշման մասին պատերազմի հարցում։
«Ես Պուտինին ուղերձ չեմ ուղարկում. նա գիտի իմ դիրքորոշումը և ինքը կկայացնի իր որոշումը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի, մենք կամ ուրախ կլինենք, կամ դժգոհ. եթե դժգոհ լինենք, կտեսնեք, թե ինչ կկատարվի», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ Պուտինը ասել էր, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Մոսկվայում՝ ԱՄՆ նախագահի կողմից պատերազմի ավարտի համաձայնագրի հասնելու փորձերի ֆոնին։
«Դոնալդը ինձ խնդրեց նման հանդիպում։ Ես ասացի՝ «Այո, հնարավոր է, թող Զելենսկին գա Մոսկվա», – նշել է Պուտինը Չինաստան կատարած այցի ավարտին:
Պուտինը ավելացրել է, որ եթե Մոսկվան համաձայնության չհասնի, ապա Ուկրաինայում իր նպատակներին կհասնեն ռազմական ճանապարհով։
«Տեսնենք, թե իրավիճակը ինչպես կզարգանա», – նշել է Պուտինը:
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան անդրդառնալով ՌԴ նախագահի հայտարարություններին, ասել է, որ յոթ երկիր հանդես է եկել «լուրջ առաջարկներով»՝ կազմակերպելու երկու առաջնորդների հանդիպումը:
«Պուտինը, սակայն, շարունակում է բոլորին շփոթեցնել՝ գիտակցաբար անընդունելի առաջարկներ անելով։ Միայն ճնշման ավելացումը կարող է ստիպել Ռուսաստանին վերջապես լուրջ մոտենալ խաղաղ գործընթացին», – գրել է նա սոցիալական ցանցերում։