04 Սեպ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարչապետը որևէ սխալ բան չի ասել. նորանշանակ Թորոսյանը՝ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին

Վարչապետը որևէ սխալ բան չի ասել. նորանշանակ Թորոսյանը՝ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին

Կապ ունեմ այնքանով, որ նշանակվել եմ նախարար։ Չեմ կարծում, որ, օրինակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պետք է լինի անպայման աշխատանքի և սոցիալական հարցերի մասնագետ, այդպիսի մասնագիտություն նույնիսկ չկա էլ․ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ հանրության մոտ հարցեր են առաջացել, թե ինքն ինչ կապ ունի այդ ոլորտի հետ:

«Եթե մյուս նախարարությունները նայեք, չնայած հիմա չեմ ուզում գործընկերներիս պաշտոններն ու մասնագիտությունները հիշեցնել, բայց կարող եք նայել և այդ հարցի պատասխանն ինքնուրույն ունենալ»,- ասել է Թորոսյանը։

Հարցին՝ նա Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում էր, ինչպե՞ս է նշանակվել, Թորոսյանն ասել է, որ ինքը երբեք որևէ մեկի սև ցուցակում չի եղել։

Ինչ վերաբերում է նախարարությունում կադրային փոփոխություններին և խոսնակ Զառա Մանուչարյանի հեռանալուն, Թորոսյանն ասել է, որ դա նրա որոշումն է եղել, ինքը նույնիսկ առաջարկել է շարունակել:
«Կադրային փոփոխություններ միգուցե կլինեն։ Օրենքով սահմանված կարգով գործում է վերանշանակման գործընթացը, սակայն այս պահին նման ինֆորմացիա չեմ կարող հայտնել»,- ասել է նա:
Նորանշանակ նախարար լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարությանը։

«Ես վատ եմ զգում, երբ գործընկերները՝ լինեն լրագրող կամ ոչ լրագրող, կոնտեքստից կտրում են խոսքերը, տրված հարցը և տրված պատասխանը։ Վարչապետը կառավարության ղեկավարն է, ի՞նչի մասին է խոսքը։ Այո, վարչապետն է ներկայացնում կառավարության դիրքորոշումը կարևորագույն գրեթե բոլոր հարցերում։ Մենք էլ մեր ոլորտային հարցերում մասնակցում ենք գործընթացին․ քվեարկում ենք օրենքներ, կառավարության որոշումներ։ Դրանք մշակվում են, քննարկվում են, փոփոխություններ են արվում, և շատ բաներ անգամ չեն հասնում կառավորություն՝ մեր դեմ լինելու պատճառով։ Դա առողջ աշխատանքային գործընթաց է, և վարչապետը որևէ սխալ բան չի ասել»,–նշել է Թորոսյանը։

Լրագրողների հարցին՝ ինչ կարծիք ունի վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի ազատման մասին, Թորոսյանը պատասխանել է, որ չի ճանաչում նրան։

Լրագրողները հիշեցրել են, որ Լիպարիտ Դրմեյանը վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն էր և նշել էր, որ ՀԷՑ-ի մասով արբիտրաժային դատարանի որոշումը կառավարության կողմից կատարելը պարտադիր է։

Թորոսյանն արձագանքել է․ «Ես չգիտեմ՝ ով է Լիպարիտ Դրմեյանը, չգիտեմ՝ ինչի համար է ազատվել։ Ժողովուրդ ջան, ունա՞կ եք լսելու պատասխանը, թե՝ չէ։ Երբ որ հարց եք տալիս, թույլ տվեք մինչև վերջ պատասխանեմ, թե չէ էլ չեմ անի ընդհանրապես»։

Լրագրողներն հակադարձել են նրան, որ չսպառնա, ինչի ի պատասխան Թորոսյանն ասել է` կսպառնա:
«Կսպառնամ, սովորեք աշխատել, հարգելի գործընկերներ»,- հայտարարել է Թորոսյանը ու հեռացել:

Ռազմագերիներ