
ՌԴ-ն և Ադրբեջանը շարունակում են փոխանակվել մեղադրանքներով․ ո՞վ է մեղավոր երկկողմ հարաբերությունների վատթարացման համար
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որում այս տարվա հուլիսին Ադրբեջանում 13 ռուս քաղաքացիների ձերբակալությունը ներկայացվել է որպես ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառ, իսկ նրանց ազատ արձակումը՝ որպես հարաբերությունների բարելավման պայման, սխալ է. հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է հենց AZAL ինքնաթիռի կործանմամբ և դրան հաջորդած ռուս պաշտոնյաների վարքագծով։ Բացի այդ՝ Ռուսաստանում էթնիկ հողի վրա ադրբեջանցիների հետապնդումները, Եկատերինբուրգում ադրբեջանցիների ծեծն ու սպանությունները լրացուցիչ լարվածություն են ստեղծել։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի տարբեր պետական մարմինների գործողություններն Ադրբեջանի դեմ նույնպես բացասական գործոն են, որոնք ազդում է հարաբերությունների վրա», – նշել է նա։
Հաջիզադեն նաև նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ կապված ապահովագրական վճարումների վերաբերյալ «զարմանալի է և մոլորեցնող հանրության համար»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում գրանցված AZAL-ի ապահովագրական ընկերության և ուղևորների ապահովագրական վճարումների հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Ռուսաստանի կառավարությունից խոցված ինքնաթիռի համար փոխհատուցում պահանջելը բոլորովին այլ թեմաներ են: