
Անձնական հեռախոսահամարը փոխելիս զգուշացեք․ ի՞նչ կարող է լինել
Քաղաքացիներից մեկն ահազանգել է, որ նոր գնած հեռախոսահամարը գործածելիս պատահաբար մուտք է գործել այլ անձի սոցիալական էջեր։ Ըստ քաղաքացու՝ աշխատանքի համար ձեռք բերված հեռախոսահամարը հեռախոսի մեջ դնելուց հետո բացվել է ռուս աղջկա Telegram-ն ու նրա անձնական նամակագրությունը։
«Ես մոտեցել եմ օպերատորի սպասարկման կենտրոն ու գնել եմ նոր հեռախոսահամար, որը պետք է օգտագործեի աշխատանքային պարտականություններ կատարելիս։ Ինձ չեն տեղեկացրել, որ տվյալ հեռախոսահամարը նախկինում պատկանել է մեկ այլ անձի։ Իրենց մոտ կա համարների երկու բազա՝ գործածված և չգործածված։ Ինձ չեն հարցրել, թե որն եմ ես ցանկանում։ Հեռախոսահամարը ձեռք եմ բերում, երեկոյան դնում եմ հեռախոսիս մեջ, միացնում եմ։ Ինձ անհրաժեշտ էր Telegram բացել, բայց տեսա, որ այն արդեն կա, բայց ուրիշինն է։ Փորձում եմ վերականգնել իմ էջը, բայց տեսնում եմ, որ ինչ-որ Դիանա անունով աղջկա էջ է, ով ռուս է։ Նրա ողջ անձնական նամակագրությունն ինձ մոտ երևում է։ Ինչ-որ դատական գործընթացների մեջ էր, փաստաթղթերն էլ էին առկա նամակագրությունների մեջ։ Ես զանգում եմ օպերատորին, ինձ ասում են՝ դա իրենց պատասխանատվության տիրույթում չէ։ Ես հենց այդ պահին ջնջում եմ, որովհետև երբ մուտք ես գործում տելեգրամ քո ամբողջ անձնական տվյալները կարող են հասանելի լինել այն անձին, ով նախկինում եղել է հեռախոսահամարի տերը», – ABC media-ի հետ զրույցում ասել է Անժելա Հարությունյանը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ ամեն բան պարզ է, եթե մարդ հեռախոսի համարը փոխում է կամ հանձնում է, ապա օպերատորը կես տարի հետո կարող է այն վաճառել։
«Օպերատորին էլ կարելի է հասկանալ. օրինակ՝ տուրիստներ են գալիս, նոր համար են առնում, երկու շաբաթ հետո թափում են, այդպես համարները ուղղակի կվերջանան։ Հիմա խնդիրն այն է, որ մարդիկ չեն օգտվում MMP-ից, այսինքն Mobile Number portability-ից։ Եթե դու օպերատորին փոխում ես, դու կարող ես համարը չփոխել։ Բայց դե հիմա լինում են դեպքեր, երբ մարդ համարը ստիպված է եղել փոխել։ Հիմա ամեն դեպքում եթե համարի փոփոխություն է եղել, մարդ պետք է ուշադիր լինի, դա նշանակում է, որ ինքը պետք է սկզբից գնի նոր համարը, հետո բոլոր իր հաշիվներից հանի հին համարը, տեղադրի նոր համարը, հետո նոր հրաժարվի հին համարից։ Ու բնական այդ հին համարը, եթե ինչ-որ մեկը գնում է, դառնում է իրավահաջորդը» – ABC media-ի հետ զրույցում պարզաբանել է մասնագետը։