
Թրամփը պատրաստվում է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն այսօր վերանվանել Պատերազմի նախարարություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 5-ին կստորագրի իր 200-րդ նախագահական գործադիր հրամանագիրը։ Այս հրամանագրով նա Պաշտպանության նախարարությունը կվերանվանի Պատերազմի նախարարություն։ Այսպես էր կոչվում Պաշտպանության նախարարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ. գրել է BBC-ն։
Պաշտոնական անվանափոխության, ինչպես նաև նոր նախարարություն ստեղծելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի հաստատումն, ուստի՝ վերանվանումը պաշտոնական չի լինի։ Փաստաթղթի տեքստի համաձայն, որին ծանոթացել է BBC-ն, հրամանագիրը թույլ է տալիս Պաշտպանության նախարարին, նրա նախարարությանը և ենթականերին օգտագործել նոր անվանումը՝ որպես լրացուցիչ։
Ըստ հրամանագրի՝ «Պատերազմի նախարարություն» անվանումը պատրաստության և վճռականության ավելի ուժեղ ազդանշան է ուղարկում, քան «Պաշտպանության նախարարությունը»։
Փաստաթղթի համաձայն՝ վերանվանումը «կկենտրոնացնի նախարարությունը մեր ազգային շահերի վրա և կազդարարի հակառակորդներին, որ Ամերիկան պատրաստ է պատերազմ սկսել մեր շահերը պաշտպանելու համար»։
Սպիտակ տունը դեռևս չի ասել, թե որքան կարժենա վերանվանումը։ Ամերիկյան լրատվամիջոցների գնահատականներով՝ արժեքը կարող է հասնել մեկ միլիարդ դոլարի. հարյուրավոր գործակալություններ պետք է վերանվանվեն, փոխվեն դրանց խորհրդանիշները, էլեկտրոնային փոստի հասցեները, համազգեստները և այլն։
Պաշտպանության նախարարությունը, որը հաճախ անվանում են Պենտագոն՝ շենքի հնգանկյուն ձևի պատճառով, ստեղծվել է իր ներկայիս տեսքով 1947 թվականին։
Գործակալությունը միավորել է Ռազմածովային ուժերի, բանակի և ռազմաօդային ուժերի գերատեսչությունները։ Վերջին երկուսը նախկինում մեկ գործակալության՝ Պատերազմի նախարարության կազմում էին, որը գոյություն ուներ 1789 թվականից։
1947-ից 1949 թվականներին միավորված գերատեսչությունը կոչվում էր Ազգային ռազմական գործակալություն, իսկ 1949 թվականին այն ստացավ իր ներկայիս անվանումը՝ Պաշտպանության նախարարություն։
«Ես վստահ եմ, որ Կոնգրեսը կհամաձայնվի, եթե դա անհրաժեշտ լինի: Ես նույնիսկ չեմ կարծում, որ դա (կոնգրեսի համաձայնությունը-խմբ․ անհրաժեշտ է», – օգոստոսի վերջին լրագրողներին հայտարարել էր Թրամփը։
Պաշտպանության նախարարի պաշտոնում Փիթ Հեգսեթն արդեն վերանվանել է մի քանի ռազմական բազաներ և նավեր:
Պենտագոնը վերանվանումները բացատրել է Հեգսեթի՝ Պաշտպանության նախարարությունում «ռազմական մշակույթն» արտացոլելու ցանկությամբ։