
Նորաձևության հսկաներից մինչև քաղաքական գործիչներ․ հայտնիները հարգանքի տուրք են մատուցում Ջորջիո Արմանիին
Աշխարհի հայտնիները հարգանքի տուրք են մատուցում Ջորջիո Արմանիի հիշատակին, որի մահվան մասին հայտարարվել է հինգշաբթի․ գրում է CNN-ը։
Դիզայների կյանքի ու թողած ժառանգության վերաբերյալ գրառումներով են հանդես գալիս մարդիկ տարբեր ոլորտներից՝ քաղաքականությունից մինչև փոփ մշակույթ։ Նրանց թվում են Ջուլիա Ռոբերտսը և Լեոնարդո ԴիԿապրիոն, ովքեր կրել են Արմանիի ստեղծած հագուստները պոդիումներին և կարմիր գորգերին։
Հարգանքի տուրք է մատուցել իտալական նորաձևության աշխարհի ամենամեծ անուններից Դոնատելլա Վերսաչեն, որի հանգուցյալ եղբայր Ջաննին, Արմանիի ապրանքանիշի ստեղծումից 3 տարի անց Միլանում հիմնեց «Versace» ընկերությունը։
«Prada»-ի գործադիր տնօրեն Միուչչա Պրադան և նախագահ Պատրիցիո Բերտելլին CNN-ին համատեղ հայտարարություն են ուղարկել՝ Արմանիին անվանելով «նրբագեղությամբ ու կրեատիվությամբ ճանաչված մաեստրո, ինչպես նաև իտալական և միջազգային նորաձևության անվիճելի հերոս»։
Իտալիայի վրա Արմանիի ունեցած ազդեցության մասին հայտարարություններ են հնչել նաև երկրի ամենաբարձր ատյաններից։
«Իր նրբագեղությամբ, զսպվածությամբ և ստեղծագործականությամբ նա կարողացավ փայլ հաղորդել իտալական նորաձևությանը և ոգեշնչել ամբողջ աշխարհին», – սոցիալական ցանցերում գրել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
Երկրի նախագահ Սերջիո Մատարելան հայտարարություն է տարածել՝ հանգուցյալ դիզայներին անվանելով «իտալական հանճարի խորհրդանիշ ամբողջ աշխարհում»։
«Նրա նրբագեղ պարզությունը, նվիրվածությունը որակին և մանրուքների նկատմամբ ուշադրությունը ոգեշնչել և ազդեցություն են ունեցել դիզայներների սերունդների վրա», – նշել է Մատարելան։
Հիշեցնենք, որ իտալական նորաձևության արքան մահացել է 91 տարեկանում։