
Բժշկությունից նորաձևություն․ ինչպես Ջորջո Արմանին փոխեց աշխարհի ճաշակը
Ջորջո Արմանին երբեք չէր երազել դառնալ նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր անուններից մեկը։ Իր կյանքը սկսել էր բոլորովին այլ ուղով՝ բժշկության ֆակուլտետում։ Սակայն ճակատագիրը որոշեց այլ կերպ․ ընդամենը երկու տարի անց նա թողեց համալսարանը՝ հասկանալով, որ վիրաբույժի նշտարննիրենն չէ։
Հենց այդ պահից սկսվեց Արմանիի անսպասելի շրջադարձը։ Նա աշխատանքի ընդունվեց Միլանի La Rinascente խանութում որպես ցուցափեղկերի դիզայներ։ Ընդամենը մի քանի տարի անց նրա անունը կհնչեր նորաձևության ամենահեղինակավոր պոդիումներում։
Հետաքրքիր փաստ․ Արմանին պատմել է, որ իր առաջին հավաքածուն ստեղծել է գրեթե առանց փողի․ նա իր բնակարանից վաճառել էր ամեն ինչ, որպեսզի ունենա հումք և գործվածք։
1975 թվականին ստեղծված Giorgio Armani S.p.A.-ն փոխեց նորաձևության պատմությունը։ Նրա կոստյումները ազատեցին տղամարդկանց ծանր կառուցվածքային ձևերից՝ բերելով թեթևություն, շարժման ազատություն և ժամանակակից շքեղություն։ Հոլիվուդը գրեթե անմիջապես սիրահարվեց նրան։ Ռիչարդ Գիրի «American Gigolo» ֆիլմի հայտնի կոստյումը հենց Արմանիի ձեռքի գործն է։
Նրա կայսրությունը սահմանափակված չէ միայն նորաձևությամբ։ Նա ընդլայնեց իր ազդեցությունը՝ ստեղծելով նորաձևության, պարֆյումերիայի, հյուրանոցների և նույնիսկ կահույքի համաշխարհային բրենդ։ Այսօր նրա անունը կրող խանութների թիվը անցնում է 2000-ը, իսկ Forbes-ի տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվում էր շուրջ 6.6 միլիարդ դոլար։
Քիչ հայտնի փաստ․ Արմանին միշտ խուսափել է տեխնոլոգիաներից․ երկար տարիներ նա չուներ նույնիսկ սմարթֆոն և նախընտրում էր գրել ձեռքով։ Նա ասում էր․ «Նորաձևությունը չի ստեղծվում էկրանին, այն ծնվում է ձեռքերով»։
Ջորջո Արմանիի ժառանգությունը միայն հագուստը չէ։ Նա փոխեց հանրության ընկալումները գեղեցկության, ճաշակի և էլեգանտության մասին։ Նրա խոսքով՝ «Էլեգանտությունը չի նկատվում, այն զգացվում է»։
Նորաձևության աշխարհը կշարունակի փոխվել, բայց Արմանիի ոճը մնաց ժամանակից դուրս։