
Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-ից
Սեպտեմբերի 7-ին կդիտվի այս տարվա հիմնական աստղագիտական իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը:
Ինչպես ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում միլիարդավոր մարդիկ կկարողանան տեսնել այս երևույթը։
Նա նշել է, որ Լուսնի այս տարվա առաջին խավարումը դիտվել էր մարտի14-ին:
«Լուսնային խավարումները համաշխարհային իրադարձություններ են, դրանք տեղի են ունենում նույն պահին ամբողջ մոլորակի համար, տարբերությունը միայն ժամային գոտին է։ Սեպտեմբերի 7-ի խավարումը Երևանում կդիտվի 19:28-ից մինչև 00:55»,- ասված է գրառման մեջ:
Ըստ Ազիզյանի՝ երևույթն ընդհանուր կտևի 5 ժամ 27 րոպե, իսկ լրիվ փուլը՝ 1 ժամ 22 րոպե:
Այն տեսանելի կլինի ԱՊՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։