
Հունգարիայի վարչապետը կանխատեսել է Ուկրաինայի բաժանումը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կանխատեսել է Ուկրաինայի բաժանումը ռուսական, ապառազմականացված (դեմիլիտարզիացված) և արևմտյան գոտիների՝ հակամարտության ավարտից հետո։
«Այսօր եվրոպացիները «էլեգանտորեն» խոսում են անվտանգության երաշխիքների մասին, բայց այդ երաշխիքներն իրականում նշանակում են Ուկրաինայի բաժանում… Ուկրաինայի բաժանման արդյունքը կլինի ռուսական գոտի, ապառազմականացված գոտի և, վերջապես, արևմտյան գոտի, որի ուրվագծերի և կարգավիճակի մասին մենք դեռևս որևէ հստակ բան չենք կարող ասել։ Բայց մենք տեսնում ենք, որ Ուկրաինան վերածվում է երեք գոտիներից բաղկացած տարածքի», – նշել է Օրբանը՝ ելույթ ունենալով Քյոթչե քաղաքում քաղաքական սեզոնի բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ Արևմուտքը փաստացի «ճանաչել է ռուսական գոտու գոյությունը»։ «Քննարկումը միայն այն մասին է, թե արդյո՞ք այն բաղկացած կլինի երկու, չորս, հինգ, թե վեց շրջաններից։ Սակայն դրա բացակայության մասին այլևս խոսք չկա։ Ռուսական գոտին արդեն ստեղծվել է։ Այն ընդգրկում է Ուկրաինայի տարածքի մոտավորապես 20 տոկոսը։ Սա արդեն անցյալում է, և դրա շուրջ այլևս որևէ բանավեճ չկա։
Քննարկվում է այն մասին, թե ռուսական գոտու սահմանից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա պետք է ստեղծվի ապառազմականացված գոտի․ 40 կիլոմետր, 50, 100, 200՝ մենք չգիտենք, սա հիմա է տեղի ունենում։ Սա կլինի երկրորդ գոտին», – նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը բրիտանական The Times թերթի հետ զրույցում առաջարկել էր, որ Ուկրաինան կարող է բաժանվել մի քանի վերահսկողության գոտիների հակամարտության ավարտից հետո՝ նման այն բանին, թե ինչպես բաժանվեց Բեռլինը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց առանց ԱՄՆ ցամաքային ուժերի։