
Ի պաշտպանություն Բրազիլիայի նախկին նախագահի՝ հազարավոր աջակիցներ են հավաքվել հեղաշրջման փորձի հետ կապված դատավճռից առաջ
Բրազիլիայում երկրի Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպվել են իրար հակասող հանրահավաքներ՝ ի պաշտպանություն և ընդդեմ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի․ գրում է Al Jazeera-ն։
Կիրակի Սան Պաուլոյում, Ռիո դե Ժանեյրոյում և մայրաքաղաք Բրազիլիայում հավաքվել էին Բոլսոնարոյի տասնյակ հազարավոր կողմնակիցներ՝ ծածանելով Բրազիլիայի և Միացյալ Նահանգների դրոշները։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծայրահեղ աջ նախկին առաջնորդի դաշնակիցն է։ Հանրահավաքները տեղի են ունեցել 2022 թվականի ընտրություններում Բոլսոնարոյի պարտությունից հետո պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով նրա դատավարության ավարտից մի քանի օր առաջ։
Բանակի 70-ամյա նախկին կապիտանը, որը տնային կալանքի տակ է, կարող է դատապարտվել մինչև 43 տարվա ազատազրկման, եթե մեղավոր ճանաչվի իշխանությունը պահելու նպատակով հեղաշրջում կազմակերպելու համար։ ԱՄՆ նախագահը Բոլսոնարոյի դեմ դատական գործընթացները անվանել է «վհուկների որս» և բարձր մաքսատուրքեր է սահմանել բրազիլական ապրանքների վրա, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանել նրա դատավարությունը նախագահող դատավորների նկատմամբ։ Սան Պաուլոյի համալսարանի հետազոտական խմբի տվյալներով՝ Սան Պաուլոյում Բոլսոնարոյի օգտին կազմակերպված հանրահավաքին մասնակցել է 40,000 կողմնակից, այդ թվում՝ նրա կինը՝ Միշել Բոլսոնարոն։