08 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի պապ Լևոն XIV-ը սրբադասել է երկու իտալացու, որոնցից մեկը ծրագրավորող է

Հռոմի պապ Լևոն XIV-ը սրբադասել է երկու իտալացու, որոնցից մեկը ծրագրավորող է

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի կատարել է իր պապականության ընթացքում առաջին սրբադասումը․ գրում է Euronews-ը։

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մոտ յոթանասուն հազար մարդկանց ներկայությամբ Հռոմի պապը սրբադասել է դեռահաս համակարգչային հանճար Կառլո Ակուտիսին և մեկ այլ հայտնի իտալացի գործիչ Պիեռ Ջորջիո Ֆրասատիին։ «Մենք երանելի Պիեռ Ջորջո Ֆրասատիին և երանելի Կառլո Ակուտիսին ճանաչում ենք որպես սրբեր, գրանցում ենք նրանց Սրբերի ցուցակում՝ հաստատելով, որ ամբողջ եկեղեցում նրանք մեծարվում են սրբերի շարքում», – ասել է Հռոմի պապը։ Կառլո Ակուտիսը (1991-2006), որը մահացել է 2006 թվականին, սրբադասված առաջին միլենիալն (1981 թվականից հետո ծնվածների սերունդ) է։

Ակուտիսը ծնվել է Լոնդոնում, հարուստ ընտանիքում։ Կարճ ժամանակ անց նա և իր ընտանիքը տեղափոխվել են Միլան։ Նա առանձնահատուկ տաղանդ ուներ համակարգչային գիտության նկատմամբ և դեռահաս տարիքում ծրագրավորում էր սովորում։ Ակուտիսը ստեղծել էր բազմալեզու կայք՝ Սուրբ Հաղորդության հրաշքները փաստագրելու համար և հայտնի էր դարձել որպես «Աստծո ինֆլյուենսեր»։ Կիրակի սրբադասված մյուս իտալացին՝ Ֆրասատին, (1901-1925) հայտնի էր նրանով, որ նվիրվել էր աղքատներին ծառայելուն և հավատքը իր ընկերների շրջանում տարածելուն։

The Hill-ի փոխանցմամբ՝ Ֆրասատին կաթոլիկ տարբեր միությունների անդամ էր, ներգրավված էր Իտալիայի ժողովրդական կուսակցության աշխատանքների մեջ՝ խորապես հավատալով ավելի արդար հասարակության համար բարեփոխումների անհրաժեշտությանը։ Քսանչորս տարեկանում նա մահացել է պոլիոմիելիտից, որով, հավանաբար, վարակվել էր հիվանդներին խնամելիս։

 

Ռազմագերիներ