
Մեծ Բրիտանիայում Պաղեստինին աջակցելու համար հնարավոր է «տեռորիստ» ճանաչվել
Լոնդոնում ձերբակալել են ավելի քան 890 մարդու, որոնք բողոքում էին Palestine Action ակտիվիստական խմբի գործունեությունն արգելելու՝ բրիտանական կառավարության որոշման դեմ․ գրում է CNN-ը։
Նշվում է, որ սա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տասնամյակների ընթացքում ամենամեծ զանգվածային ձերբակալությունն է։
Palestine Action-ը Մեծ Բրիտանիայում գործող հարյուրավոր անհատներից բաղկացած խումբ է: Խումբը մեղադրում է Մեծ Բրիտանիային Իսրայելի կառավարությանը աջակցելու համար: Խմբի անդամները թիրախավորել են իսրայելական զենքի գործարան, ոչնչացրել բրիտանական ռազմական տեխնիկա և նույնիսկ վանդալիզմի ենթարկել Դոնալդ Թրամփի գոլֆի դաշտը Շոտլանդիայում: Հունիսին բրիտանական ավիաբազայի վրա կատարված գործողությունը Մեծ Բրիտանիայի կառավարությանը դրդել է նրանց որակել որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչը նշանակում է, որ այդ գործողություններին մասնակցող յուրաքանչյուր մարդու կարող է առաջադրվել ահաբեկչության հետ կապված մեղադրանք:
Հարցին՝ արդյո՞ք խմբի կատարած գործողությունները իրավիճակ են փոխել, խմբի անդամներից մեկը պատասխանել է, որ գործողություններից մեկը հանգեցրել է Բրիտանիայում իսրայելական զենքի գործարանի երկու դուստր ձեռնարկությունների փակմանը։
Նշվում է, որ այժմ, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Palestine Action-ը որակել է որպես ահաբեկչական կազմակերպություն, նույնիսկ խմբին աջակցող ցուցանակ բարձրացնելն է անօրինական համարվում, ինչը մտավախություններ է առաջացնում, որ Բրիտանիայում խոսքի ազատությունը ճնշվում է։