25 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չնայած բուժառուների տեղափոխմանը՝ չենք կարող ասել, որ ԿԽՄԿ-ն վերականգնել է իր տեղաշարժը դեպի Արցախ․ ԿԽՄԿ ներկայացուցիչ

Չնայած բուժառուների տեղափոխմանը՝ չենք կարող ասել, որ ԿԽՄԿ-ն վերականգնել է իր տեղաշարժը դեպի Արցախ․ ԿԽՄԿ ներկայացուցիչ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից երեկ և
այսօր բուժառուներ են տեղափոխվել ՀՀ տարբեր բուժհաստատություններ։ Մինչ այդ՝ 11 օր
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհով որևէ տեղաշարժ չէր եղել՝ սրտանոթային խնդիրներ
ունեցող արցախցի Վագիֆ Խաչատրյանի՝ ԿԽՄԿ մեքենայից առևանգումից հետո։

«Մարդասիրական առաքելության շրջանակներում մեր ցանկացած գործողություն
կարգավորվում է կողմերի համաձայնությամբ, այսինքն` որոշում կայացնող կողմերը պետք է
համաձայնություն տան, որպեսզի ԿԽՄԿ-ն  կարողանա ապահովել իր շարժը»,- ABC
Media
-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝
նշելով որ վերջին օրերի տեղաշարժն էլ կողմերի հետ համաձայնության ձեռքբերման արդյունք
է։

«Այդ համաձայնությունը ենթադրում է որոշակի երաշխիքներով առաջնորդվելով՝
կատարել նման գործողություններ։ Չենք կարող ասել, որ ԿԽՄԿ-ն վերականգնել է իր տեղաշարժը
դեպի Արցախ։ Մենք շարունակաբար փորձում ենք մարդասիրական աշխատանքի հնարավորությունը
պահպանել, քանի որ առաջին դեպքը  չէ, երբ մեր աշխատանքը կասեցվում է։ Տվյալ պարարագայում՝
մենք կարողացել ենք տեղափոխել բուժառուներին, բայց տալ որևէ երաշխիք, թե ընդհանուր
իրավիճակի պարագայում ինչպես կշարունակվի, բարդ է»,- ասաց Զառա Ամատունին։

Նրա խոսքով՝ իրենց խնդիրն է, որ մարդասիրական աշխատանքը կատարելիս
չունենան խոչնդոտներ, այլ հակառակը՝ ունենան համաձայնություն կողմերի հետ։

«Մենք հուլիսի 25-ի մեր հայտարարության մեջ նշել ենք այն կարիքները,
որոնք ունեն մարդիկ և որ մենք որոշակի դերակատարություն կարող ենք ունենալ ու ցանկալի
կլիներ իհարկե այդ մարդասիրական աջակցությունը, որ մենք կարող ենք ունենալ՝ ապա կատարենք»,-ասաց
Ամատունին։

Դիտարկամանը, արդյո՞ք ԿԽՄԿ-ն ունի որևէ երաշխիք, որ Վագիֆ Խաչատրյանի
առևանգման դեպքն այլ բուժառուների դեպքում չի կրկնվի, Ամատունին պատասխանեց, որ մաքսիմալ
թափանցիկ երկխոսությունն է դերակատարություն ունենում, որն էլ այս պահին շարունակվում
է։

«Մարդկանց տեղաշարժի և ապահովության հարցում ապավինում ենք մեր
երկխոսությանը, սակայն ամբողջությամբ հաստատել ու բացառել չենք կարող, իսկ վերջին դեպքի
հետ կապված, մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը, որը շարունակում է մնալ արդիական»,-
ասաց նա։