
Նեպալը հանել է սոցիալական ցանցերի արգելքը՝ կոռուպցիայի դեմ զանգվածային բողոքներից ու զոհերից հետո
Նեպալը հանել է սոցիալական մեդիայի հարթակների վրա դրված արգելքը, որը սահմանվել էր մեկ շաբաթ առաջ։ Արգելքը վերացրել են բողոքի այն ցույցերից հետո, որոնք ուղղված էին կոռուպցիայի և երկրի ծանր տնտեսական վիճակի դեմ։ Ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով զոհվել է 19 մարդ. գրում է Al Jazeera-ն:
Կառավարության խոսնակ և կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Պրիթվի Սուբբա Գուրունգը հայտարարել է, որ սոցիալական ցանցերը արդեն գործում են։ Արգելքի ժամանակ փակվել էին 26 հարթակ՝ այդ թվում WhatsApp-ը, Facebook-ը, Instagram-ը, LinkedIn-ը և YouTube-ը։
Ցույցերը, որոնք հիմնականում կազմակերպել էին երիտասարդները և ուսանողները, ստացել էին «Generation Z» անվանումը։ Հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական վիճակի բարելավում և սոցիալական ցանցերի արգելքի վերացում։
Բախումները հատկապես սրվել էին մայրաքաղաք Կատմանդուում․ ոստիկանությունը օգտագործել էր արցունքաբեր գազ, ռետինե և իրական փամփուշտներ, ջրցան մեքենաներ ու մահակներ։ Կատմանդուում սպանվել է 17 մարդ, իսկ Իտահարի քաղաքում՝ ևս 2։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել է, որոշ տվյալներով՝ մինչև 400, այդ թվում նաև ոստիկաններ։
Կառավարությունը հայտնել է, որ կստեղծվի հետաքննող հանձնաժողով և կհատկացվի փոխհատուցում զոհվածների ընտանիքներին։