
Չինաստանում հեռակառավարվող ռոբոտները հաջողությամբ վիրահատություն են իրականացրել
Չինաստանի Սիզանգ ինքնավար շրջանի Նագչու քաղաքում՝ ծովի մակարդակից 4500 մետր բարձրության վրա, բժիշկները հաջողությամբ իրականացնել են 5G հեռակառավարվող ռոբոտացված ուրոլոգիական վիրահատություն․ գրում է Euronews-ը։
Վիրահատական սեղանի մոտ գտնվել են ռոբոտները, որոնց կառավարել է բժշկական թիմը հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից։ Մի կողմից միացել էր պրոֆեսոր Լյու Չժիյուի թիմը Լյաոնին նահանգի Դալյանի բժշկական համալսարանի երկրորդ հիվանդանոցից, մյուս կողմից՝ Նագչուի ժողովրդական հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի տնօրենը և Լյաոնին նահանգի Սիզանում տեղակայված բժշկական օգնության խմբի անդամ բժիշկ Վան Յանլոնգը։
Վիրահատությունը հաջող իրականացնելու համար երկու հիվանդանոցները համագործակցել են ցանցային մատակարարների հետ՝ անցկացնելով մեծաքանակ թեստեր և սիմուլյացիաներ՝ վստահ լինելու համար, որ ռոբոտներն ու 5G համակարգերը կկարողանան անթերի աշխատել ծայրահեղ պայմաններում։
Բժշկական թիմը նաև շաբաթներ է անցկացրել՝ անհատական վիրաբուժական պլան կազմելու համար։
«Բժշկական տեսանկյունից սա 5G հեռակառավարվող ռոբոտացված վիրաբուժության ոլորտում մեծ առաջընթաց է։ Սա ապացուցում է, որ նույնիսկ չափազանց կոշտ սարահարթային պայմաններում առաջադեմ տեխնոլոգիաները կարող են հնարավորություն տալ հեռակա կերպով օգտագործել բարձրորակ բժշկական ռեսուրսներ՝ ստեղծելով հաջող մոդել աշխարհի հեռավոր բարձրլեռնային շրջաններում առողջապահական անհավասարությունները լուծելու համար», – ասել է Վանը։