
Հոլիվուդյան և միջազգային 1300 գործիչներ բոյկոտում են իսրայելական կինոընկերություններին
Ավելի քան 1300 հայտնիներ, այդ թվում՝ Հոլիվուդյան և միջազգային աստղեր, խոստացել են չհամագործակցել իսրայելական կինոընկերությունների հետ, որոնք, նրանց խոսքով, «ներգրավված են պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության և ապարտհեյդի մեջ»․ գրում է Euronews-ը։
Հայտնիների թվում են Օլիվիա Քոլմանը, Թիլդա Սուինթոնը, Էմմա Սթոունը, Մարկ Ռուֆալոն, Ռիզ Ահմեդը և Խավիեր Բարդեմը։
Արվեստագետները՝ դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ, ստորագրել են «Ֆիլմ ստեղծողներ Պաղեստինի համար» կազմակերպության կողմից ստեղծված փաստաթուղթ, որով դատապարտում են Գազայում տեղի ունեցող «անողոք սարսափը»։
Կինոյի ոլորտում փաստաթուղթը ստորագրած այլ հայտնի անունների թվում են Քեն Լոուչը, Յորգոս Լանտիմոսը, Ասիֆ Կապադիան, Ջոշուա Օպենհայմերը, Լիլի Գլեդսթոունը, Այո Էդեբիրին, Բրայան Քոքսը, Ջոշ Օ’Քոնորը, Ռեբեկա Հոլը, Բենեդիկտ Վոնգը, Գաել Գարսիա Բեռնալը և Սյուզան Սարանդոնը։
«Որպես կինոգործիչներ, դերասաններ, կինոարդյունաբերության աշխատակիցներ և հաստատություններ, մենք գիտակցում ենք ընկալումներ ձևավորելու կինոյի ուժը։ Այս հրատապ ճգնաժամային պահին, երբ մեր կառավարություններից շատերը նպաստում են Գազայում տեղի ունեցող կոտորածին, մենք պետք է անենք ամեն ինչ՝ այդ անողոք սարսափին մեղսակից լինելու հարցը լուծելու համար», – ասված է հայտարարության մեջ: