09 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչու՞ են աճել գազաբալոններով մեքենաների պայթյունների թիվը․ ABCmedia-ն զրուցել է ՏԿԵՆ ներկայացուցչի հետ

Ինչու՞ են աճել գազաբալոններով մեքենաների պայթյունների թիվը․ ABCmedia-ն զրուցել է ՏԿԵՆ ներկայացուցչի հետ

Վերջին շրջանում գազաբալոններով մեքենաների պայթյունների դեպքերը գնալով ավելանում են։ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք քաղաքացի տուժել է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) տվյալներով՝ պայթյունների մեծ մասը տեղի է ունենում այն պատճառով, որ գազաբալոնները չեն անցնում պարտադիր վկայագրում, իսկ վերահսկողությունը հաճախ խախտվում է․ ABCmedia-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը։

«Պայթյունների մեծ մասի դեպքում տվյալ գազաբալոնը վկայագրված չի լինում։ Օրենքը պահանջում է, որ յուրաքանչյուր բալոն ստուգվի մեր կողմից լիցենզավորված կայաններում, անցնի բարձր ճնշմամբ փորձարկում և ստանա երկու տարվա գործարկման թույլտվություն։ Բայց իրականում բազմաթիվ մեքենաներ այդ գործընթացը չեն անցնում»,- ասել է Ստեփանյանը։

Ամիրյան փողոցի վերջին պայթյունի դեպքում էլ, ըստ Ստեփանյանի, գազաբալոնը վկայագրված չի եղել, և տվյալները նույնիսկ ներմուծված չէին միասնական համակարգ։ Բացի այդ, Ստեփանյանի խոսքով, խնդիրները բազմաշերտ են։

«Շատ գազալցակայաններում ճնշումը բարձրացնում են մինչև 250 ատմոսֆեր, մինչդեռ նորման 200 ատմոսֆեր է։ Դա մի քանի անգամ մեծացնում է պայթյունի ռիսկը։ Բացի այդ, շուկայում հայտնվում են էժան ու անորակ բալոններ, որոնք չեն անցնում պատշաճ ստուգումներ»։

Նրա խոսքով՝ նախարարությունը քննարկում է նաև լիցենզավորված կազմակերպությունների պատասխանատվության բարձրացումը․ յուրաքանչյուր վկայագրում այժմ պետք է կատարվի վիդեոֆիքսացիա, որպեսզի վերահսկվի գործընթացի ամբողջականությունը։

Այսօր գազալցակայանների խախտումների դեպքում սահմանված է 200․000 դրամ տուգանք մեկ մեքենայի համար։ Որոշ վարորդներ առաջարկել են խախտումների դեպքում կիրառել ժամկետային փակման մեխանիզմ, սակայն ՏԿԵՆ-ում նշել են, որ այս առաջարկը դեռ քննարկման փուլում է։

«Առաջարկը հետաքրքիր է, բայց օրենսդրական փոփոխություններ է պահանջում», — ասել է Ստեփանյանը։

Նախարարությունը նախատեսում է խստացնել ստուգումները, բարձրացնել վարորդների իրազեկվածությունը և կատարել համակարգային փոփոխություններ՝ պայթյունների դեպքերի նվազեցման նպատակով։

Ռազմագերիներ