
Վատիկանում Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» նոր թափ է հավաքում
Հեյդար Ալիևի հիմնադրամի, Ադրբեջանի Հանրապետության Առողջապահության նախարարության և Սուրբ Աթոռի մանկական Bambino Gesu հիվանդանոցի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Արարողությունը տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, Հեյդար Ալիևի հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալեքբարովի՝ Վատիկան այցի ընթացքում։
Եվրոպայի ամենամեծ մանկական բժշկական հաստատության հետ փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է ուսումնական ծրագրերի իրականացում, մոլեկուլային գենետիկայի և անհատականացված բժշկական մոտեցումների ոլորտում համատեղ հետազոտություններ, ինչպես նաև Ադրբեջանում անբուժելի բարդ կլինիկական դեպքերի համատեղ ախտորոշում և բուժում։
1869 թվականին հիմնադրված Bambino Gesu հիվանդանոցն այժմ Եվրոպայի ամենամեծ հիվանդանոցն ու հետազոտական կենտրոնն է մանկական հիվանդությունների համար, ինչպես նաև եվրոպական կենտրոններից մեկը, որը լիազորված է երեխաների մոտ օրգանների, բջիջների և հյուսվածքների բոլոր տեսակի փոխպատվաստումներ կատարելու համար։ Հիվանդանոցը նաև Orphanet-ի՝ հազվագյուտ հիվանդությունների վերաբերյալ ամենամեծ համաշխարհային տվյալների բազայի իտալական գրասենյակն է։
Հիշեցնենք, որ Իտալիայի հայ ակտիվիստները բազմիցս մտահոգություն են հայտնել Վատիկանի և Ադրբեջանի միջև աճող ֆինանսական կապերի վերաբերյալ։
Այս հարաբերություններն Ադրբեջանի ավելի լայն ջանքերի մի մասն են՝ օգտագործելու իր նավթային հարստությունը՝ մարդու իրավունքների և կրոնական ազատությունների խախտումների քննադատությունը շեղելու համար։
Վատիկանը զգալի ֆինանսավորում է ստացել ադրբեջանական կողմից Հռոմում և Եվրոպայում սրբավայրերը վերականգնելու համար: Իտալիայում հետաքննչական լրագրության նախագծերի տվյալներով ՝ Ադրբեջանը մոտ 640,000 եվրո է ծախսել Վատիկանին պատկանող կատակոմբների (վերջերս՝ Սուրբ Կալիստոսի կատակոմբները ), թանգարանների գլուխգործոցների և գրադարանում գտնվող բազմաթիվ գրքերի ու ձեռագրերի վերականգնման վրա:
Ադրբեջանը նաև ֆինանսավորել է Սուրբ Պետրոսի տաճարը զարդարող բարձրաքանդակի վերականգնումը։ Բաքուն տասնամյակներ շարունակ արշավ է ծավալել արևմտյան երկրների շրջանում իր հեղինակությունը բարձրացնելու համար, ինչը քննադատների կողմից անվանվել է «խավիարային դիվանագիտություն»: