
Հայաստանում չկան իրավական կարգավորումներ՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տվյալները հավաքագրելու և գրանցելու համար․ զեկույց
Եվրոպայի և այլ երկրների 36 պետությունների շրջանում անցկացված հարցման հիման վրա Լանզարենտոյի կոմիտեն հրապարակվել է «Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու մասին» նոր զեկույց։
«Նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ մեկտեղ կարևոր է ուշադրություն հրավիրել ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ երեխաների սեռական շահագործման և բռնության վրա։ Երեխաներին այս հանցագործությունից պաշտպանելու համար մենք պետք է հասկանանք, թե որտեղ և ինչպես է այն տեղի ունենում։ Մանկապարտեզում, դպրոցում կամ այլ կրթական հաստատությունում երեխաները կհանդիպեն մարդկանց, ովքեր կարող են վնաս հասցնել նրանց։ Միայն տարբեր ոլորտների, այդ թվում՝ կրթության տարբեր աղբյուրներից ստացված հուսալի տվյալների միջոցով կարող ենք վերլուծել օրինաչափությունները և մշակել այս հանցագործության դեմ պայքարի ավելի արդյունավետ ռազմավարություններ», – նշել է Լանզարենտոյի կոմիտեի նախագահ Մարիա Խոսե Կաստելո–Բրանկոն։
Լանզարոտեի կոմիտեն պարզել է, որ չնայած բոլոր ներգրավված երկրները որոշակի տվյալներ են հավաքում, միայն մի քանիսն ունեն մեխանիզմներ, որոնք մասնագիտանում են երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման հարցում։
Շատերը հավաքում են քրեական վիճակագրության հիմնական տվյալները ոստիկանության և դատախազության կամ նախարարությունների միջոցով։ Եթե համապատասխան տվյալները հավաքվում են այլ ոլորտների կողմից, դրանք հազվադեպ են փոխանցվում որևէ կենտրոնի՝ համակարգման կամ վերլուծության համար։ Շատ քիչ երկրներ են հայտնում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ տվյալների հավաքագրման հարցում համագործակցելու մասին։ Դրանցից շատ քչերն են այնուհետև հավաքված տվյալներն օգտագործում երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության երևույթը վերլուծելու և դրա դեմ միջոցառումների մշակմանը նպաստելու համար։
Զեկույցում նշվել է, որ Հայաստանը, Կիպրոսը, Էստոնիան, Իսլանդիան, Իռլանդիան, Լատվիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Ռումինիան, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունն ունեն մասնագիտացված մեխանիզմ կամ համակարգող մարմին, որը պատասխանատու է երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության վերաբերյալ տվյալներ հավաքելու համար։
Ընդհանուր առմամբ՝ տվյալները ներառում են վիճակագրական քրեական տվյալներ և երեխաների պաշտպանության գործակալություններից և/կամ ոստիկանությունից ստացված հաշվետվություններ։
Հայաստանում, չնայած զոհ դարձած երեխաների թվի վերաբերյալ տվյալները հասանելի են և հավաքագրվում են պետական գործակալությունների կողմից, չկան իրավական կարգավորումներ, որոնք պահանջում են նման տվյալների հավաքագրում, և հավաքագրված տվյալները չեն արտացոլվում պետական գրանցամատյանում։
Նշվել է, որ միջազգային մակարդակում ՄԱԿ–ի գործակալությունները մշակել են վիճակագրական դասակարգման մեխանիզմներ (ICCS, ICVAC) ՝ երկրների միջև համեմատելիությունն ապահովելու համար։ Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Իսլանդիան, Լիտվան, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը չեն օգտագործում միջազգային դասակարգումներ։
Նշենք, որ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ–ի՝ նախորդ տարի հրապարակած տվյալների, ավելի քան 370 միլիոն աղջիկ և կին կամ 8-ից 1-ը ենթարկվում է սեռական բռնության կամ սեռական ոտնձգության մինչև 18 տարեկանը:
Եթե հաշվի առնենք սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձևերը, ինչպիսիք են առցանց կամ բանավոր չարաշահումները, տուժած աղջիկների և կանանց թիվն աշխարհում հասնում է 650 միլիոնի կամ 5-ից 1-ը։ Շուրջ 240-310 միլիոն տղա և տղամարդ կամ 11-ից 1-ը մանկության տարիներին ենթարկվել է բռնաբարության կամ սեռական ոտնձգության: Այս թիվը հասնում է 410-ից 530 միլիոնի, եթե հաշվի առնվեն բռնության «ոչ կոնտակտային» ձևերը: