
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Լուկաշենկոյին է հանձնել ԱՄՆ առաջնորդի նամակը
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին խաղաղարար ջանքերի համար, որոնք ոչ մի այլ ամերիկացի նախագահ երբևէ չի ձեռնարկել։
«Մտածում էի, թե ինչ ասեմ առաջինը։ Բայց, որքան էլ պարզունակ հնչի, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր նախագահին (ոչ թե որովհետև ուզում եմ նրան շողոքորթել, դա ինձ համար օտար է) խաղաղության համար գործադրվող ջանքերի համար, և ամենից առաջ՝ մեր տարածաշրջանում։ Նա կանգնեցրեց յոթ, վեց պատերազմ կամ հակամարտություն․ դա կարևոր չէ։ Նա կանգնեցրեց բավականին շատ հակամարտություններ։ Ես սա ասում եմ որպես պատմաբան և որպես նախագահ, որը երկար ժամանակ աշխատում է. Ամերիկայի Միացյալ Նահանգների ոչ մի այլ նախագահ այդքան ջանք և նման ջանքեր չի գործադրել մոլորակի վրա խաղաղություն ապահովելու համար»,- հայտարարել է Լուկաշենկոն։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը Մինսկում կայացած հանդիպման ժամանակ Բելառուսի պետության ղեկավարին է հանձնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նամակը։
Նա հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանել է Belavia Airlines-ի դեմ պատժամիջոցները։
«Ես ուզում եմ այստեղ պաշտոնապես հայտարարել, որ մենք հանել ենք Belavia-ի դեմ պատժամիջոցները։ Սա պաշտոնական է։ Ես հանդիպում եմ ունեցել նախագահ Թրամփի հետ, որին մասնակցել են ևս մի քանի տասնյակ մարդիկ։ Այս որոշումը կայացրել է նախագահը, ով հանձնարարել է. «Անմիջապես արե՛ք դա»։ Այժմ այս որոշումն արդեն հաստատվել է այս աշխատանքին մասնակցող բոլոր համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից»,- ընդգծել է Ջոն Քոուլը՝ հավելելով, որ Վաշինգտոնը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Մինսկի հետ։
ԱՄՆ նախագահի ներկայացուցչի խոսքով՝ եթե Մինսկը և Վաշինգտոնը համաձայնության գան բանտարկյալների վերաբերյալ, հարաբերությունների կարգավորումը կշարունակվի։
Լուկաշենկոն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել քննարկել որոշ բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ գլոբալ համաձայնագիրը։
«Ես պատրաստ եմ քննարկել այս թեման։ Եվ եթե Թրամփը պնդում է, որ պատրաստ է վերցնել այս բոլոր ազատ արձակված բանտարկյալներին, Աստված օրհնի ձեզ, եկեք փորձենք մշակել գլոբալ համաձայնագիր։ Ինչպես պարոն Թրամփը սիրում է անվանել՝ մեծ գործարք», – նշել է Լուկաշենկոն։
Բելառուսի առաջնորդն ընդգծել է նաև, որ հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ տնտեսական ոլորտում համագործակցությամբ։