11 Սեպ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարեկները տուգանային հրապարակից մեքենաներ ու պահեստամասեր են վաճառել․ գործը դատարանում է

Պարեկները տուգանային հրապարակից մեքենաներ ու պահեստամասեր են վաճառել․ գործը դատարանում է

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձինք տուգանային հրապարակից ավտոմեքենաներ ու պահեստամասեր են վաճառել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի համապատասխան ստորաբաժանման պետը, մի շարք անձանց օժանդակությամբ, 2024 թվականի դեկտեմբերին 1.600.000 ՀՀ դրամով վաճառել է քաղաքացուն պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում:

Նույն պաշտոնյան 2025 թվականին 70․000 ՀՀ դրամով պատրաստվել է վաճառել իրեն վստահված՝ մեկ այլ անձին պատկանող 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ մոպեդը, սակայն այն չի հանձնել գնորդին, ուստի հանցագործությունը չի իրագործվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով։ Նույն անձը տարբեր ժամանակահատվածներում վաճառել է նաև մի շարք այլ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցները և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում։

Պարզվել է նաև, որ 2024-2025 թվականների ընթացքում պաշտոնատար անձինք վաճառել են քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի՝ ընդհանուր 350.000 ՀՀ դրամ արժողությամբ պահեստամասերը՝ այդ կերպ հափշտակելով իրենց վստահված գույքը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) մի քանի կետերով, 44-256-րդ հոդվածի հոդվածի (Վստահված գույքը հափշտակելու փորձ) 2 կետերով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրանց օժանդակած երկու անձանց:

Պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձի ու ևս մեկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ռազմագերիներ